Փոքր ճագարամուկ. Հայաստանի Կարմիր գիրք

Փոքր ճագարամուկը Ճագարամկնանմանների ընտանիքին պատկանող կենդանի է։

Կարգավիճակը: Արարատյան հարթավայրի նեղ արեալային էնդեմիկ ենթատեսակ է՝ խիստ մասնատված արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1ab (ii, iii, iv):

Տարածվածությունը: Արևելյան սահմանը` գ. Ախուրյանի ցածրամասերը, հավանաբար, երկու մեկուսացված պոպուլյացիաներ Թուրքիայում` Ղարսի շրջանում և Արարատի ստորոտում: Հյուսիսային սահմանը` Հայաստանում և Նախիջևանում: Հարավում` փոքր մեկուսացված պոպուլյացիա Իրանի ք. Մաքուի շրջակայքում:

Տարածվածությունը Հայաստանում: Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզեր` ծ.մ. 800–1200 մ բարձրություններում: Հայտնաբերված է նաև ք. Երևանի շրջակայքում:

Ապրելավայրերը: Կավային և խճաքարային կիսաանապատներ, աղուտներ և փոքր ավազուտներ (տակիրներ), չոր լեռնատափաստանի աղուտային և անապատացած բիոտոպեր, հաճախ աղուտային, ավելի հազվադեպ` օշինդրային բուսական խմբավորումներով:

Կենսաբանության առանձնահատկությունները: Վարում է բացառապես մթնշաղագիշերային կենսակերպ: Սերմնակեր–կանաչակեր կրծող է: Կերաբաժնում հատուկ տեղ են գրավում միջատները: Ձմռանը քուն է մտնում նոյեմբերին, ձմեռումից դուրս է գալիս մարտին: Ձմռանը հալոցքի դեպքում կարող է արթնանալ: Արևելյան Անդրկովկասում քուն չի մտնում: Բներն ունեն մեկ մուտք, երկարությունը` մինչև 2 մ, բնային խցիկը` 1 մ խորության վրա: Պաշտպանական բներ հազվադեպ են հանդիպում: Բազմացման շրջանը սկսվում է մարտից և ավարտվում նոյեմբերին: Հասուն էգերը ծննդաբերում են 2–3, առաջին տարվա էգերը` 1 անգամ: Ձագերի միջին թվաքանակը` 3–6:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Սակավաքանակ տեսակ է: Օպտիմալ բիոտոպերի ոչնչացման հետևանքով կրճատվում է թվաքանակը և ապրելավայրերը:

Վտանգման հիմնական գործոնները: Տնտեսական գործունեությունը Արարատյան հարթավայրում: Համեմատաբար հարթ խոպան հողերի մշակումը, այդ այգիների և ձկնաբուծարանների ստեղծումը: Վայրիացած շների և շնագայլերի թվաքանակի մեծացումը:

Պահպանության միջոցառումները: Ոչ մեծ պոպուլյացիաներ պահպանվում են «Խոսրովի անտառ» արգելոցում: Հավանաբար, մի քանի առանձնյակներ կան «Էրեբունի» արգելոցում: Անհրաժեշտ է դեռևս պահպանված ապրելավայրերին տալ արգելավայրերի կարգավիճակ և կարգավորել վայրիացած շների թվաքանակը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում