Դալի ավազամուկ. Հայաստանի Կարմիր գիրք

Դալի ավազամուկը Ավազամկնանմանների ընտանիքին պատկանող կենդանի է։

Կարգավիճակը: Արարատյան հարթավայրի էնդեմիկ տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered B1ab(iii)» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տարածաշրջանում անհետացած»` RE:

Տարածվածությունը: Նախիջևան (սահմանամերձ գ. Սադարակի շրջակայք), հավանաբար, Թուրքիայի Արալիխյան ավազուտներ: Արաքս գետի ձախափնյա շրջանում տարածման մակերեսը գնահատվում է մոտ 300 հա:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հայտնաբերվել է գգ. Գոռավանի, Շիդլուի, Փոքր Վեդու, Ռանչպարի, Մարգարայի շրջակայքում` ռելիկտային ավազուտներում: Վերջին տարիների հետազոտությունների արդյունքում Հայաստանի տարածքում Դալի ավազամկան պոպուլյացիաներ չեն հայտնաբերվել:

Ապրելավայրերը: Ստենոբիոնտ է` տիպիկ պսամոֆիլ: Հայաստանի սահմաններում ապրելավայրերը կապված են ավազուտային, հիմնականում` բլրային, թույլ կապված ավազների հատվածների հետ, ծ.մ. 600–1000 մ բարձրություններում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ակտիվ է կլոր տարի: Ձմռանը ակտիվ է ամբողջ օրվա ընթացքում մնացած ժամանակահատվածում ակտիվությունը մթնշաղագիշերային է: Բները, սովորաբար, տեղադրվում են ավազուտային բլուրներում` ջուզգունի կամ թամարիքսային թփուտների առկայությամբ: Սնվում են աճող տարբեր բույսերով: Ամռանը և ձմռանը հիմնական կերը սերմերն են: Սնվում են նաև միջատներով: Բազմացումը տեղի է ունենում մարտի վերջին–ապրիլի սկզբին: Մեկ տարում տալիս են մինչև 3 սերունդ: Ձագերի թվաքանակը` 2–7 (ավելի հաճախ` 4–6):

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հազվադեպ, սակավաթիվ տեսակ է: Հայաստանում պոպուլյացիաներ չեն հայտնաբերվել:

Վտանգման հիմնական գործոնները: Մարդու տնտեսական գործունեությունը: Ենթաարաքսյան պոպուլյացիաների համար` նաև գետի վարարումները, որոնք ուժեղացել են` կապված կլիմայի փոփոխման հետ:

Պահպանության միջոցառումները: «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում պահպանվող օբյեկտներից մեկն է: Անհրաժեշտ է ճշգրտել արդի կարգավիճակը Հայաստանում, արգելել «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում ցանկացած տնտեսական գործունեությունը: Սեղծել կայուն լաբորատոր պոպուլյացիաներ տեսակի բազմացման և ռեինտրոդուկցման համար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում