Իշամառոլ արարատյան. ՀՀ Կարմիր գիրք

Կատեգորիա: Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայաստանի էնդեմիկ: Հայտնի է միայն մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ–ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում հատկապես գյուղատնտեսական գործունեության հետ կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետևանքով: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով՝ ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն: Բազմամյա բույս՝ 150–230 սմ բարձրության: Կոճղարմատը՝ բազմագմբեթ: Ցողունը՝ պարզ, մերկ, վերին մասում թավոտ: Ստորին ցողունային տերևները՝ մակույկանման, վերինները՝ գծային– նշտարաձև, մանր սպիտակ–ատամնավոր եզրերով: Ծաղկաբույլը՝ բազմաթիվ (40–50) ծաղիկներից կազմված զամբյուղներով: Ծաղիկները՝ դեղին: Սերմնիկները՝ 2–3 մմ երկարության, 3–4 նիստերով, դարչնամոխրագույն:

Տարածում: Աճում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (ավան Արարատ): AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը՝ 1:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ: Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 850 մ բարձրությունների վրա, հանքայնացած և թեթևակի աղակալած միայն կնյունի համակեցությամբ պատված ճահիճներում: Ծաղկում է հունիս–հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս–սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ: Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա՝ գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման, ճահիճների չորացման, արածեցման, բուսականության այրման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ: ՀՀ Կառավարության 2008 թ. որոշման համաձայն՝ Արարատի ճահիճները ընդգրկված են բնության հուշարձանների ցանկում, սակայն պահպանության համար գործողություններ դեռ չեն իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում