Մոխրագույն կռունկ. Հայաստանի Կարմիր գիրք

Մոխրագույն կռունկը Իսկական կռունկների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Հայաստանի համար` քիչ տարածված տեսակ է, որի թվաքանակը վերջին տարիներին զգալիորեն կրճատվել է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN D:

Տարածվածությունը: Եվրոպայից մինչև Միջին Ասիա:

Տարածվածությունը Հայաստանում: Նախկինում մշտապես բնադրել է Սևանա լճի ջրավազանում, գլխավորապես` Գիլլի լճի եղեգնուտներում: Վերջին տարիներին բնադրավայրերը հայտնաբերվել են Աշոցքի, Տավուշի և Ստեփանավանի շրջաններում:

Ապրելավայրերը: Համեմատաբար փոքր մակերևույթ ունեցող լճեր՝ ճահճացած ափերով եղեգնուտների և ջրային այլ բույսերի առկայությամբ, ինչպես նաև այդ լճերի շրջակայքում եղած խոնավ մարգագետիններ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Գարնանը Հայաստան են գալիս մարտի վերջին–ապրիլի սկզբին: Բները պատրաստում են ծառերի մանր ճյուղերից և տարբեր խոտաբույսերի չորացած ցողուններից: Ապրիլի կեսին–մայիսի սկզբին դնում են 2, հազվադեպ` 3 ձու: Երբեմն մայիսի վերջին ձվադրում են երկրորդ անգամ: Ձագերը դուրս են գալիս մայիսի վերջին–հունիսի սկզբին: Ձագերի խնամքին և կերակրելուն մասնակցում է ինչպես էգը, այնպես էլ արուն: Հուլիսի երկրորդ կեսին ձագերը սկսում են թռչել: Աշնանային չուն սկսվում է օգոստոսի երկրորդ կեսին և շարունակվում մինչև հոկտեմբերի կեսը:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Աշոցքի շրջանում ամեն տարի բնադրում են 2–3, Տավուշի շրջանում` 4–5, Ստեփանավանի շրջանում` 2 զույգ: Ընդհանուր առմամբ, Հայաստանում բնադրում են, հավանաբար, մոխրագույն կռունկի մոտ 10 զույգ:

Վտանգման հիմնական գործոնները: Թվաքանակի վրա բացասական ազդեցություն են թողնում ճահճացած տարածքների չորացումը և մարգագետինների ինտենսիվ օգտագործումը որպես արոտավայրեր:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում են «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում: Անհրաժեշտ է պահպանության տակ վերցնել բնադրավայրերը Տավուշի և Ստեփանավանի շրջաններում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում