Կաթնուկ Թախտաջյանի. ՀՀ Կարմիր գիրք

Կատեգորիա: Վտանգված տեսակ է: Ներկայումս հայտնի են երեք պոպուլյացիաներ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը՝ 500 քառ. կմ–ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում՝ կապված գյուղատնտեսական գործունեության ինտենսիվացման հետևանքով առաջացող աճելավայրերի պայմանների փոփոխության հետ: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով՝ հազվագյուտ տեսակ: CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն: Բազմամյա խոտաբույս՝ 50–70 սմ բարձրության, ամբողջական մսալի տերևներով: Զամբյուղները՝ փոքր, վահանաձև–հուրանային, հաճախ փռված ծաղկաբույլերում: Ծաղիկները՝ կապույտ:

Տարածում: Հայաստանում հանդիպում է Երևանի (Ազատ գետի հովիտ և Ուրծի լեռնաշղթա) և Դարեղեգիսի (Խաչիկ գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 400 քառ. կմ է, AOO՝ 28 քառ. կմ է: Լոկալիտետները՝ 3: Տեսակը՝ բացի Հայաստանից, հանդիպում է Նախիջևանում և Հյուսիսարևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ: Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների ծ. մ. 1000–1600 մ բարձրությունների վրա, կիսաանապատում, տափաստաններում, գիպսակիր, կավային, խճաքարոտ լանջերին: Շատ լավ բազմանում է վեգետատիվ եղանակով, առաջացնելով երկար կոճղամատներ, իսկ սերմնային բազմացումը ընկճված է: Ծաղկում է մայիս–հունիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս–օգոստոսին:

Սահմանափակող գործոններ: Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա՝ կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման և արածեցման հետ:

Պահպանության միջոցառումներ: Պահպանության գործողու­թյուններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում