Ավարտվեց շաբաթօրյակի երկրորդ փուլը. մասնակիցները գոհ են արդյունքից

Ինչպես yelaket.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Երևանը մեր տունն է» ծրագրի կազմակերպիչներից Աշոտ Սանամյանը, ժամը 15:00-ից-15:30 -ի սահմաններում ավարտվեց 6 վարչական շրջանների՝ Նոր Նորքի, Շենգավիթի, Դավթաշենի, Մալաթիա-Սեբաստիայի, Քանաքեռ -Զեյթունի և Կենտրոնի պատերի մաքրման գործընթացը:
Աշոտ Սանամյանը շաբաթօրյակի երկրորդ փուլը համարեց կայացած: Նրա խոսքով, երիտասարդները աշխատում էին մեծ պատրաստակամությամբ և ոգևորությամբ, ինչը փոխանցվել է նաև անցորդներին, որոնք միանալով ակտիվ երիտասարդների ծավալած գործունեությանը, օգնեցին նրանց մաքրել քաղաքի պատերից ու սյուներից հայտարարությունները, կոչերն ու պաստառները:
«Աշխատանքների ավարտից հետո 6 վարչական շրջանների պատասխանատուները մեծ գոհունակությամբ ճանապարհեցին քաղաքի պատերը մաքրող երիտասարդներին»,-նշեց Ա. Սանամյանը, ընդգծելով, որ նման մջոցառումները խթանում են քաղաքի մաքրությունը, ինչպես նաև հասարակությանը դրդում են հույս փայփայել, որ այն կկրի շարունակական բնույթ:
Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանող Երվանդ Ռումյանը, ով մաքրել է Դավթաշեն վարչական շրջանի պատերը մեծ գոհունակությամբ շեշտեց իրենց կատարած աշխատանքների կարևորությունը.
«Նման աշխատանքները օրինակ են ծառայում մեր համաքաղաքացիներին, որպեսզի նրանք ևս հոգ տանեն և մաքուր պահեն մեր քաղաքը: Այնտեղ, որտեղ մենք մաքրման աշխատանքներ էինք տանում մեր կողքով անցնում էին պապ ու թոռ և տեսնելով մեզ` նրանք ևս միացան ու սկսեցին մաքրել պատերը, ինչը խոսում է նման ծրագրերի արդյունավետության մասին»,-նշեց երիտասարդ ակտիվիստը: