Ախթալայում որսորդը կենդանուն կրակելուց հետո նաև ինքն իրեն է վնասել

Մայիսի 23-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 48-ամյա տղամարդ: Նա հայտնել էր, որ որսի ժամանակ իր հրացանով ինքն իրեն անզգուշությամբ վնասել է: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նա 47-ամյա ընկերոջ հետ իր «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով գնացել են Ախթալա համայնքից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող հանդամաս՝ իրենց խոշոր եղջերավոր անասուններին փնտրելու: Հանդամասում նկատել են փորսուղի, և ինքը իր որսորդական երկփողանի ողորկափող հրացանից կրակել է կենդանու ուղղությամբ՝ վիրավորելով նրան: Այնուհետև մոտենալով կենդանուն, հրացանի փողը իր կողմը պարզած, խզակոթով խփել և սատկեցրել է, սակայն հարվածից ինքնակրակոց է եղել, ինչի արդյունքում ինքը ստացել է մարմնական վնասվածքներ: Նույնաբովանդակ տեղեկություններ է հայտնել նաև 47-ամյա տղամարդը: «ՎԱԶ-2121»-ը, հրացանը և սատկած փորսուղը հայտնաբերվել են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննական մարմնին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում