Ահազանգ․ Արտաշատում դաժանաբար գնդակահարել են շներին

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ահազանգ է հնչեցրել Արտաշատում կենդանիների սպանդի մասին։ Վերջինս գրել է․ «Ապրիլի 21-ի լուսադեմին արտաշատցիները զարթնել են կրակոցների ձայներից ու շների կաղկանձից։ Բանդիտների, մարադյորների ինչ-որ մի շայկա լուսադեմին գնդակահարել է քաղաքի շներին։ Բնակիչները հասցրել են փրկել ընդամենը մի քանի շնիկի։

Լուսադեմին Արտաշատի փողոցներն արյան լճերի մեջ էին։ Մի խումբ վիժվածքներ քաղաքը ողողել էին շնիկների արյունով։

Սա ոչ միայն սադիզմ է, այլև օրենքի կոպտագույն խախտում։

Ես այդ դաժան տեսարանը կտեղադրեմ հղումներում, որ մարզպետի պապան ու Արտաշատի քաղաքապետը մի անգամ էլ նայեն, քանզի քաղաքի բնակիչները վստահ են, որ անմարդկային այդ սպանդն առանց մարզային կամ քաղաքային իշխանության թույլտվության չէր կարող լինել։

Հիմա, որպես «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ, դիմում եմ իրավապահներին՝ միտինգներում ողջ կազմով հերթապահելու փոխարեն պարզեք, թե ովքե՞ր են այդ արյունալի սպանդի կատարողներն ու ում հրահանգով է տեղի ունեցել անմարդկային այս կենդանասպանությունը»։

Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվություն:

Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը

1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով: 

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) առանձին դաժանությամբ,

3) մանկահասակի ներկայությամբ,

4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լուսանկարը՝ այլ դեպքից։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում