Յուրաքանչյուրը կարող է մասնակցել համապետական ծառատունկին
Նոյեմբերի 14-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Աշնանային ծառատունկի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվել է ձևաչափային փոփոխություն-նորամուծություն, որը միտված է հասարակության մեջ բնության հանդեպ սրտացավ ու հոգատար վարքագծի ձևավորմանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը մաս դարձնելուն։
Ծառատունկին կարող են մասնակցել մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ, որոնց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն անվճար տնկիներ և կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը:
Ծառատունկի համար նախատեսված 260.000 տնկիներից այս նպատակով կտրամադրվի 10.000 տնկի։
Ինչպե՞ս դիմել
Ծառատունկին մասնակցելու համար դիմումներն ուղարկել ` [email protected] էլեկտրոնային հասցեին: Դիմումն իր մեջ պետք է ներառի` մասնակիցների թիվ, կազմակերպության կողմից գործընթացը համակարգող կոնտակտային անձի տվյալներ (Հեռ.համար, էլ.հասցե)։
Ի դեպ, յուրաքանչյուր քաղաքացի կարող է այդ օրն իր բակում, իր այգում ծառ տնկել՝ մի մասնիկը դառնալով համապետական այս կարևոր միջոցառման։