Դատավորն արդարացրել է մայր շանը սպանած նախկին պաշտոնյա Սուրեն Աղաջանյանին

ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ արդարացրել է «Դիլիջան» ազգային պարկի նախկին տնօրեն Սուրեն Աղաջանյանին, որը 2019թ․–ին իրեն պատկանող «Գետափ» ռեստորանի տարածքում իր «ՏՕԶ-16» մոդելի որսորդական հրազենով կրակել և սպանել է միջին չափի մայր շան։ 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից ներկայացված ձայնագրությունը ևս կցվել է գործին, ինչի մասին դատական վճռով ասվում է․ «Սուրեն Աղաջանյանի և Մարիամ Տաշչյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը կարող է գնահատվել որպես ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված որոշման շրջանակներում արտահայտված մասնավոր անձի կողմից կատարված հեռախոսազրույցի ձայնագրություն, այն չի կարող գնահատվել որպես դատավարական այնպիսի խախտում, որի նկատմամբ կիրառելի կլինեն քրեական հետապնդման մարմիններին վերագրվող պահանջները, հեռախոսային խոսակցության բովանդակությունը փոխված չէ, ստույգ է, և ձայնագրության սկավառակը չի կարող ճանաչվել անթույլատրելի»։ 

Նշվել է նաև, որ հեռախոսազրույցի ձայնագրությունը նույն բովանդակությունն ունի, և որն ամբաստանյալը չի վիճարկում։

Դատավոր Զոյա Զաքինյանն արդարացրել է ակնհայտորեն շանը սպանած Սուրեն Աղաջանյանին և վճռով ասվում է․ «ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Սուրեն Հայկի Աղաջանյանին արդարացնել` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով: Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել»:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ներկայացնում է դատական վճռի որոշ դրվագներ, որոնք մեղմ ասած կասկածներ են առաջացնում «բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության» մասին։ 

Սկզբում մեջբերենք դատարանի իրավական վերլուծություններից մեկ հատված, որը տարակուսանք է առաջացնում, քանի որ ըստ էության դատարանը փաստում է, որ շանը կրակել և սպանել է Սուրեն Աղաջանյանը, սակայն ըստ դատավոր Զոյա Զաքինյանի՝ այդ մահը չի եղել «դաժան կամ ցավոտ», ինչ հիմքով էլ արդարացվել է Սուրեն Աղաջանյանը։

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյան 

Վճռով ասվում է․ «3. Համաձայն քրեական օրենսգրքի տվյալ հոդվածի բովանդակության` քրեական պատասխանատվությունը կարող է վրա հասնել այն դեպքում, եթե կատարված գործողությունները հանգեցնում են կենդանու դաժան կամ ցավոտ մահվան: Մեղադրանքում դաժան կամ ցավոտ մահվան հանգեցնելու մասին խոսք անգամ չկա:

4. Տվյալ դեպքում, ենթադրաբար, կենդանու մահը վրա է հասել անմիջապես` հրացանից շան գլխին արձակված մեկ կրակոցով: Այդ մասին են վկայում թե գործի տվյալները, թե «Գետափ» ռեստորանային համալիրից առգրավված տեսանկարահանում կատարող տեսախցիկների հիշողության կրիչի 9 վայրկյան տևողությամբ տեսագրությունը: Վարույթ իրականացնող մարմինը որևէ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ տվյալ կրակոցը կենդանու համար եղել է դաժան կամ ցավոտ մահվան պատճառ»:

Հավանաբար, ըստ դատավոր Զոյա Զաքինյանի հնարավոր է արդարացնել նաև մարդասպանին, որը մեկ կրակոցով կսպանի որևէ մեկին, սակայն այդ մահը չի լինի դաժան կամ ցավոտ։ 

Սուրեն Աղաջանյան

Դատական վճռով ներկայացված են նաև հետևյալ հանգամանքները․ «Կատարած արարքի համար Սուրեն Հայկի Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 հոդվածի 1-ին մասով, որում նա իրեն մեղավոր չճանաչեց և ցուցմունք տվեց այն մասին, որ շատ կենդանասեր է, իր ռեստորանային համալիրի տարածքում ունի կատուներ, շներ, ձիեր: Շներից մեկը նոյեմբերի վերջին իրեն տարօրինակ է պահել: Հարձակվել է և աշխատողների, և հաճախորդների վրա: Շան արտաքինը փոխված է եղել: Լայն բացված աչքերով է նայել, ատամները` բացած:

Քաղաքապետարան է դիմել և իրեն ասել են, որ անասնաբույժի դիմի: Դիմել է անասնաբույժ Թաթուլ Թովմասյանին: Նկարագրել է շան արտաքինը: Այդ շունն իր սիրած շներից է եղել և մոտ 2 տարի իր տարածքում է բնակվել: Անասնաբույժն ասել է, որ կգա կնայի շանը, քանի որ հնարավոր է, որ շունը կատաղած լինի: Նոյեմբերի 30-ին Թաթուլն եկել է, որ շանը նայի, սական չեն չգտել: Անասնաբույժը գնացել է և զգուշացրել, որ շունը վտանգավոր է աշխատողների և հանգստացողների համար. երբ շանը գտնեն` անպայման մեկուսացնեն: Հաջորդ օրը` դեկտեմբերի 1-ին, մատուցողն եկել է, ասել, որ շունը հարձակվել է իր վրա և հազիվ է սկուտեղով պաշտպանվել: Ասել է, որ երեկ էլ հարձակվել է հաճախորդների վրա: Մատուցողին ասել է, որ գնա հանգստանա, քանի որ դողում էր:

Մոտեցել է, որ բռնի շանը, իր վրա էլ է հարձակվել: Իր աշխատողներին ասել է, որ բռնեն շանը, որ հաճախորդներին հանկարծ չվնասի: Տղաները չեն կարողացել բռնել և ինքը ջղայնացել է: Այդ պահին շունը մտել է հարսանյաց սրահի դիմաց կայանած մեքենայի տակ: Իր օրինական որսորդական զենքով կրակել է, որ շունը վախենա և դուրս գա:

Կրակոցից հետո մի աղջիկ է մոտեցել իրեն, ձայնը բարձրացրել: Ինքը ներողություն է խնդրել, որ նրանց հանգիստը խանգարել է: Այդ աղջիկը տարածքից դուրս է եկել: Երբ մեքենայի վարորդը վարել է այն, տեսել են, որ դրա տակ պառկած շունը սատկած չի եղել և որովայնը շարժվելիս է եղել: Ինքն աշխատողներին ասել է, որ շանը հեռացնեն տարածքից, քանի որ հաճախորդներ ու հովեկներ են եղել համալիրում: Շանը հեռացրել են: Դեպքից մոտ 30 րոպե հետո եկել են ոստիկանները: Զրուցել են, ասել, որ իր շունն է, բան չկա ու գնացել են: Հետո մի քանի ժամ անց նորից հետ են եկել: Ինքն այդ ընթացքում գնացել էր «Ազգային պարկ»` աշխատանքի: Երբ երեկոյան վերադարձել է` տեսել է, որ ոստիկանության աշխատակիցները տարածքում են, իսկ շունը պառկած է, բայց ոչ այնտեղ` որտեղ կրակել էր: ՉԻ կարող ասել` նույն շունն էր, թե` ոչ: Հետո իրեն սկսել են զանգել տարբեր տեղերից: Հաջորդ օրը եկել և հարցրել են, թե շունը որտեղ է: Չի կարող ասել, թե շունը որտեղ է եղել, քանի որ սպանելու միտք չի ունեցել: Փաստորեն, այդպես էլ շանը չեն գտել: Վտանգ է եղել շնից, նա փոխվել էր: Շունը Մուկուչյան Գեղամի վրա է հարձակվել, իր աշխատողի վրա է հարձակվել, երեխայի վրա է հարձակվել: Վտանգ է եղել, այդ պատճառով էլ ինքը քաղաքապետին է դիմել: Շան բերանից փսլիք էր թափվում: Ոստիկաններն առաջին անգամ եկել են դեպքից 30 րոպե հետո: Երբ երկրորդ անգամ եկել են` արդեն մթնում էր: Շան վրա արյան հետքեր չեն տեսել: Չի կարող ասել, թե իր կրակոցից կարող էր շունն սպանվել, թե ոչ: Շունը մեքենայի տակ է եղել և առանց նշան բռնելու` կրակել է: Կրակելու նպատակը շանը մեքենայի տակից հանելն է եղել: Պետք է պառկեր գետնին, որ կարողանար նշան բռնել և կրակել: Չի կարող ասել, թե գործում եղած նկարի մեջ պատկերվածը իր կրակած շունն է, թե ոչ: Սակայն, կարող է ասել, որ տարածքը նույնը չէ: Շան վրա վնասվածքներ չի տեսել: Կրակած շունը ողջ է, տեսնողներ են եղել: Արփի Թագոյանից ներողություն է խնդրել այն բանի համար, որ նրանց հանգիստը խանգարել է: Չի հիշում, թե թղթակիցը անուն ազգանուն ասել է, թե` ոչ: Թղթակցին ասել է, որ ելք չի եղել և շանը չեզոքացրել է: Իր ասածը շանն սպանելու հետ կապ չի ունեցել: Լրագրողի հետ հեռախոսային խոսակցության բովանդակությունը չի փոխվել: Ներկայացված է այնպես, ինչպես իրենք խոսել են: Գործում առկա ձայնագրառումը հավանաբար վերցրել են իր համալիրի տեսանկարահանող սարքից:

Վկաները լսել են, որ ինքն ասել է, որ կրակելով վախեցնում են շանը: Շանն սպանելու, տանջամահ անելու մտադրություն չի ունեցել: Եթե այդպիսի միտք ունենար` գիշերը կսպաներ»: 

Ստացվում է, որ Սուրեն Աղաջանյանը դատարանում հայտարարել է, թե շունն իր սիրած շներից է եղել և մոտ 2 տարի իր տարածքում է բնակվել, սակայն լուսանկարներում չի կարողացել ճանաչել իր «սիրած» շանը։ Միևնույն ժամանակ՝ իբրև անասնաբույժ Թաթուլ Թովմասյանը, առանց կենդանուն անգամ արտաքին զննության ենթարկելու, հայտարարել է, թե «շունը վտանգավոր է աշխատողների և հանգստացողների համար»։

Ընդգծենք, որ կատաղություն հիվանդությունը սուր վարակիչ հիվանդություն է, ունի արտահայտման հատուկ նշաններ, սակայն այն հաստատելու համար անհրաժեշտ է իրականացնել թեստ, որի արդյունքները միայն կարող են վկայել հիվանդության առկայության մասին։ Անասնաբույժ Թաթուլ Թովմասյանն առանց անգամ շանը զննելու հայտարարել է, որ շունը վտանգավոր է, ինչն առաջին հերթին խոսում է վերջինիս մասնագիտական որակների բացակայության մասին և նրա մասնագիտական վերլուծությունները չեն կարող փաստական հանգամանքներ հանդիսանալ դատարանի համար։ 

Այդ պահին ռեստորանում գտնվող Արփի Թագոյանը հայտնել է, որ ինքը կրակոցից րոպեներ առաջ խաղացել է շան հետ և վերջինս չի դրսևորել վերոնշյալ նշաններից որևէ մեկը։ Հարց է առաջանում՝ ինչպես կարող է կատաղությամբ հիվանդ կենդանին հանգիստ վարք ցուցաբերել և լինել ոչ վտանգավոր մարդկանց համար։ Անասնաբույժի և «Գետափ» ռոստորանի աշխատակիցների ցուցմունքները բազմաթիվ կասկածների տեղ են տալիս։ 

Գործով վկա, «Գետափ» ռեստորանի աշխատակից Անժելա Անուշավանի Մուկուչյանի ցուցմունքից ստացվում է, որ սպանվածը ոչ թե շուն է եղել, այլ՝ առյուծ, քանի որ «մռնչալու» ունակություններ է ունեցել։

«Նկատել է, որ ուր գնում է` շունն իր հետևից գալիս է: Սկզբից ուշադրություն չի դարձրել, սակայն հետզհետե զգացել է, որ շունն իրեն լավ չի պահում, մռնչում էր և իր վրա հարձակման փորձեր կատարում: Շունը նստել էր սենյակներից մեկի դռան մոտ, սենյակի մոտով անցնելու ժամանակ կրկին մռնչացել է և փորձել հարձակվել, ոտքով խփել է, որից նա ավելի է ագրեսիվացել ու հարձակվել իր վրա: Ինքը վախից մտել է սենյակ ու բարձր գոռացել: Սուրիկ Աղաջանյանը մոտեցել է իրեն և հարցրել, թե ինչ է պատահել, իսկ ինքը կրկին գանգատվել է, որ շունը հարձակվել է իր վրա: Վախեցած` վազելով դուրս է եկել սենյակից ու գնացել խոհանոց: Վախից սկսել է դողալ, ճնշումը բարձրացել է: Այնուհետև աղջիկներից լսել է, որ շանը վախեցնելու համար ինչ-որ բան են արել, սակայն ինքը ոչնչից տեղյակ չէ»։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ գործով վկա, իբրև անասնաբույժ Թաթուլ Թովմասյանն աշխատել է Սուրեն Աղաջանյանի ենթակայության տակ՝ «Դիլիջան» ազգային պարկում` որպես ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի ղեկավար: Հետևաբար Սուրեն Աղաջանյանը հանդիսացել է Թաթուլ Թովմասյանի տնօրենը։ Ստացվում է, որ գործով ցուցմունք տվող 3 անձանց տնօրենն էլ հանդիսացել է Սուրեն Աղաջանյանը։ 

Սուրեն Աղաջանյան

Վճռով արձանագրվել է նաև, որ առկա է շանը կրակելու պահի տեսաձայնագրություն։ «պարզվել է, որ տեսաձայնագրությունը 9 վայրկյան տևողության է: Հիշյալ տեսանյութում երևում է, որ տեսաձայնագրությունը կատարված է տեսախցիկի տեսաձայնագրության էկրանից: Տեսաձայնագրությունում տեսանկարահանված է «Գետափ» ռեստորանային համալիրի բակը, որտեղ կայանած է սպիտակ գույնի մեքենա: Ավտոմեքենայից հեռու ծառի տակ կանգնած են երկու տղամարդ, որոնք որևէ գործողություն չեն կատարում: Տեսաձայնագրությունում երևում է, որ Սուրեն Աղաջանյանը, ում կողքին կան կանգնած երկու տղամարդիկ, կայանած սպիտակ գույնի ավտոմեքենայի ձախ կողմից հրազենը ձեռքին մոտենում է ավտոմեքենայի ձախ կողմի հետևի անիվի հատվածին և հրազենի փողն ուղղելով գետնին, կատարում է կրակելուն բնորոշ շարժում, իսկ այդ պահին երկու տղաները շարժվում են դեպի տեսախցիկի հատվածը, որոնցից նիհարակազմը քայլում է և տեսախցիկի տեսադաշտից դուրս է գալիս, իսկ մյուս տղամարդը մի քանի քայլ կատարելուց հետո կանգնում է և նրան մոտենում է Աղաջանյանը: Տեսախցիկի նկարահանած հատվածում այլ անձինք, չեն երևում: Տեսաձայնագրությունում լսվում է, որ նկարահանում կատարող անձը զրուցում է Ս. Աղաջանյանի հետ, որի ժամանակ Ս. Աղաջանյանը հայտնում է. «տես մտելա մեքենայի տակը, վերջ խփեցի» /…/ /գ.թ.84-85/»»:

Ինչպես հայտնել ենք գործին կցվել է նաև EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի զրույցը Սուրեն Աղաջանյանի հետ։

Այսպիսով, սույն գործի փաստական հանգամանքները և դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները վերլուծելով և գնահատելով ՀՀ քրեական օրենսգրքի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերը նշված հոդվածների դրույթների լուսաբանմամբ` չփարատված կասկածները գնահատելով հօգուտ ամբաստանյալի, ղեկավարվելով ներքին համոզմունքով` դատարանը հանգեց այն եզրակացության, որ հետազոտված ապացույցները բավարար չեն հանգելու այն եզրակացության, որ ամբաստանյալը կատարել է այն արարքը, որը վերագրվում է նրան:

Ընդգծենք, որ գործով մեղադրող Գոռ Ալոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դատական վճիռը բողոքարկվելու է վերաքննիչ դատարանում։

Գործի մասին մանրամաները կարդացեք հղումով։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում