«Մինչև վերջին պահը հույս ունեինք, որ հետ կգա․․․ Լույս քեզ, Ամուլսարի պահապան»

Հայտնի է դարձել, որ Արցախում տեղի ունեցած լայնածավալ պատերազմի հետևանքով նահատակված հերոսների շարքին է միացել նաև «Ամուլսարի պահապան», Ջերմուկ քաղաքի բնակիչ Ահարոն Արսենյանը։ Երիտասարդի մահը, ինչպես և մյուս բոլոր զոհերի կորուստը մեծ վիշտ է առաջացրել, հատկապես՝ բնապահպանների հանրույթի շրջանում։ Ահարոն Արսենյանի բազմաթիվ գաղափարակից ընկերներ իրենց խորին ցավն են արտահայտել նրա մահվան լուրի առնչությամբ։ 

«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Անի Խաչատրյանը գրել է․ «Ամուլսարի պահապանների հետ էնքան բաներ ենք ապրել, էնքան բաների միջով ենք անցել, որ ընկերացել ենք, ամեն մեկը մի պատմություն ա, ամեն մեկը մի լուսավոր անհատականություն։ Իրար հետ հաց ենք կերել, երկար ժամեր խոսել, իրար պաշտպանել, իրար մասին հոգ տարել, մեկ-մեկ վիճել, բայց հետո էլի բարիշել։ Անընդհատ փորձում էին մեզ ու տեղացիներին իրար դեմ հանել, խառնել, կռվացնել, չէր ստացվում, բոլոր կոնֆլիկտները լուծում էինք ու դրա համար էլ էդքան ամուր էինք էսքան ժամանակ, իրար մեջքի կանգնած։ Պատերազմը կոտրեց շատերիս մեջքը։ Էսօր ասեցին, որ Ահարոնը, ով հոկտեմբերից անհայտ կորած էր պատերազմում, էլ չկա։ Մինչև վերջին պահը հույս ունեինք, որ հետ կգա։ Լույս քեզ, Ամուլսարի պահապան։

Գնդեվազի Գարիկն էլ չկա էդ օրվանից, հուսով եմ հետ կգաս։ Էլի մարդիկ կան զոհված Ջերմուկից էլ, Ամուլսարի պահապաններից էլ, իսկ էս ամբողջ ընթացքում շատ ագրեսիվ ատելության քարոզ է տարվել էդ մարդկանց դեմ։ Բայց էդ մարդկանց լույսը ձեր խավարից ուժեղ ա»։

Մեկ այլ գաղափարակից՝ Վազգեն Գալստյանը գրել է․ «Քո մասին անցյալով չի լինում խոսել հարազատս, ախպերս, Ահարոնս։

Արժեք ստեղծող մարդ։

Քեզ հետ շփված բոլորի աչքերում հիմա արցունք կա։ Այ այդքան իմաստավորված է քո կյանքը։ Ես էլ հիմա երեխու պես լացում եմ։

Պատերազմը քեզ էլ տարավ»։

Գնդեվազի բնակիչ Թեհմինա Ենոքյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Մարդ ով ամենածանր պահերին համերաշխության կոչ էր անում»։ 

 

«ՔՈ ու ՔՈ բացառիկ հայրենասիրության մասին չեմ խոսի, քանի որ ՔԵԶ ճանաչողները դա լավ գիտեն։

Հայրենիքի ու հայրենասիրության մասին խոսելիս ԴՈՒ միշտ ԱՐՄԵՆԱԿ ՈՒՐՖԱՆՅԱՆԻՆ էիր հիշում, ՔՈ հրամանատարին։

ՈՒՐՖԱՆՅԱՆԸ ՔՈ հերոսն էր ու ԴՈՒ հպարտանում էիր, որ հենց ՈՒՐՖԱՆՅԱՆՆ է եղել ՔՈ հրամանատարը։

ԴՈՒ ընտրեցիր հերոս ԱՐՄԵՆԱԿ ՈՒՐՖԱՆՅԱՆԻ ուղին , կյանքդ չխնայելով հանուն հայրենիքի։

Վստահ եմ, որ ՔՈ հրամանատար հերոս ՈՒՐՖԱՆՅԱՆԸ ևս հպարտ է ՔԵԶ պես զինվոր ունենալու համար...

Հավերժ փառք»,– գրել է Շիրակ Բունիաթյանը։ 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագրությունը խորը վշտով ցավակցություններ է հայտնում զոհված Ահարոն Արսենյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում