«Աղվեսին բռնել են, կապել հավաբնում․․․ իբր լավ բան են արել»․ ահազանգ

Համացանցում շարունակվում է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և տեսանյութեր հրապարակվել։ Անի Ավետիսյան անունով օգտատերը սոցիալական հարթակներից մեկում հրապարակել է աղվեսի լուսանկարներ՝ գրելով․ «Աղվես, գ. Լուսառատ, մեր հավաբնում»։ Լուսանկարում կենդանու վզից պարան է կախված և նա, հավանաբար, կապված է։ 

Լուսանկարն առաջացրել է հասարակության և տարբեր օգտատերերի զայրույթը, քանի որ դեպքը հանդիսանում է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորում։ 

«Աղվեսին բռնել են, կապել հավաբնում ու մի հատ էլ նկարել դրել են խմբում ու գլուխ են գովում, իբր լավ բան են արել»,- գրել է «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Անի Խաչատրյանը։ 

Նշենք, որ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանի համաձայն՝ 2020-2021 թվականների որսաշրջանի ընթացքում որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, սովորական կաչաղակի, սովորական աղվեսի, գայլի և շնագայլի անսահմանափակ որս: Որս իրականացնել թույլատրվում է միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին։ Այս մոտեցման ոչ արդյունավետության մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը և ոլորտի բազմաթիվ այլ ներկայացուցիչներ բարձրաձայնել են շատ անգամ։ 

Դեպքին արձագանքել է նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը՝ հայտնելով․ «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի տեսուչները անմիջապես մեկնել են Արարատի մարզի Լուսառատ համայնք, հանդիպել Անի Ավետիսյանի և նրա հայր Բարսեղ Ավետիսյանի հետ։ Վերջինս տեսուչներին տրված պարզաբանման մեջ նշել է, որ աղվեսին հայտնաբերել է իր տան հարակից տարածքում գտնվող ջրհորում` թրջված, անօգնական վիճակում։ Բարսեղյանը կենդանուն դուրս է բերել ջրհորից, տեղափոխել իր տան բակ, համոզվելով, որ կենդանին վնասվածքներ չունի և արդեն չոր է ՝ աղվեսին բաց է թողել վայրի բնություն»։ 

ԲԸՏՄ կողմից հանրությանը չի ներկայացվել ոչ մի ապացույց վերոնշյալի մասին․ այն, որ աղվեսը բաց է թողնվել վայրի բնություն կասկածելի է։ Բացի այդ, չի պարզաբանվում, թե ինչո՞ւ է կենդանին կապված։ Այսպիսով, հերթական անգամ ԲԸՏՄ կողմից հայտնած տեղեկատվությունը թերի և ոչ արժանահավատ է։ 

Հավելենք, որ դեպքը պարունակում է նաև կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի տարրեր, ինչի համար ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվություն: Հոդված 258.2–ը սահմանում է․ «Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»:

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, մյուս իրավապահ մարմինների, ինչպես նաև՝ Գյումրի քաղաքապետարանի ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում