Շուրջ 11 հազար հա վարակված է անտառների վնասատուներով և հիվանդություններով

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն օրերս անցկացրել է անտառների պահպանության և պաշտպանության թեմայով աշխատանքային խորհրդակցություն։ Խորհրդակցությանը մասնակցում էին փոխնախարար Ա․ Մազմանյանը, Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ա.Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պ․ Ցուգունյանը, շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Ի․ Զարգարյանը և ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լ․ Ավետիսյանը։

Խորհրդակցությանը քննարկվող թիվ մեկ խնդիրը վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարին պատրաստվելն ու դրա իրագործումն էր։ Որոշակի հանգամանքների բերումով 2021 թվականին այդ բնագավառում մեծ ծավալի անելիք կա։ Գարնանային անտառպաթոլոգիական հետազոտությունների արդյունքում տերևակեր վնասատուներով և հիվանդություններով վարակված տարածքն ըստ մարզերի շուրջ 11.575 հա է (2019 թվականի տվյալներով՝ 5400 հա, 2020 թվականի տվյալներով ևս 6100 հա)։

Գերխնդիր է այս տարի վաղ գարնանը պատրաստ լինել համակարգված պայքար իրականացնել հիվանդությունների և վնասատուների դեմ՝ կանխարգելելու տարածումը և անտառզանգվածի ոչնչացումը։ Քննարկվեց պետական կառավարման այլ գերատեսչությունների կարողություններն ու տեխնիկական հնարավորություններն այս նպատակով մեկտեղելու և գործադրելու հնարավորությունը։

Նախարարը հատուկ հանձնարարականներ տվեց՝ վերհանել պետական կառավարման այլ մարմինների ու գերատեսչությունների կարողությունները, տարբերակներ գտնել դրանց համատեղման և Անտառային կոմիտեի ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների միջոցով այդ ծավալի աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ։

Հանձնարարականներ տրվեցին դիտարկել նաև վնասատուներով և հիվանդություններով վարակված հնարավոր նոր տարածքների վերհանման և քարտեզագրման հարցը, որպեսզի հաջորդիվ նույն գործընթացներն այդ տարածքներում ևս իրականացվեն։ Երկրորդիվ քննարկվեց ՇՄՆ Անտառային կոմիտեի կազմում Անտառային օրենսգրքով սահմանված վերահսկողական ինստիտուտների հիմնման և գործարկման գործընթացը՝ ամենասեղմ ժամկետներում, ինչի շուրջ առաջիկայում լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում