Ի՞նչ է կատարվում Լերմոնտովո գյուղի հարակից անտառում

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 15-ին, ժամը 17.15-ին, մեկնել են Լերմոնտովո գյուղի հարակից անտառ, որտեղ հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ երկու եղբայրների և ապօրինի հատած տարբեր տեսակի և տրամաչափի ծառեր: Եղբայրներից կրտսերը հայտնել է, որ ծառերը բենզասղոցի գործադրմամբ հատել է ինքը և եղբոր օգնությամբ ցանկացել է տեղափոխել իրենց տուն:

Եղբայրները հրավիրվել են ոստիկանության Գուգարքի բաժին, իսկ փայտանյութն ի պահ է հանձնվել Վանաձորի անտառտնտեսությանը: Բենզասղոցը և կացինը վերցվել է: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ 

Հիշեցնենք, որ օրերս «Բնապահպանի տուն» նախաձեռնությունն ահազանգել է ՀՀ տարածքում արձանագրվող ապօրինի անտառհատումների մասին։ Նախաձեռնությունը նշել է, որ ծառահատումներ են հայտնաբերվել Լերմոնտովո գյուղից մինչև Վանաձոր քաղաք։ 

Այս ահազանգին ի պատասխան Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հատուկ հանձնարարականով, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից կազմված խումբն ուսումնասիրություններ է իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության 2-րդ քառակուսու 4-րդ և 14-րդ անտառամասերում (Վանաձոր-Դիլիջան մայրուղու Լերմոնտովո գյուղի մոտակայք)։ 

Ուսումնասիրություններից պարզվել է, որ վերը նշված անտառամասերում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին հաստատված, N 01728 անտառահատման տոմսով նշանակվել էր սանիտարական հատում՝ ձնաջարդ և քամատապալ ծառերի հեռացման նպատակով։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը՝ հավելելով, որ խմբի կողմից ընտրողական կարգով կատարվեց կոճղերի համեմատական ուսումնասիրություն։ Համեմատական ուսումնասիրությունից պարզվել է, որ նշված ծառերի կոճղերի տրամագծերը և ծառատեսակը համընկնում են թիվ 01728 անտառահատման տոմսի հաշվեգնահատման ցուցակի տվյալներին։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում