«Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Մենյու Փողբեյլին»․․․ Ամուլսարը, սա՛ր է

«Ես չեմ տեսել իր բնապահպանական վնասների վերաբերյալ մանրամասն հաշվետվություն և չեմ կարդացել դա։ Այսինքն, ես մի կողմից գիտեմ օգուտները, բայց մյուս կողմից վնասները․․․ վերջերս առիթ եղավ, տեսաք, թե Սոթքի հանքի հետ կապված ինչ աղմուկ բարձրացավ։ Այսինքն, մենք Հայաստանի 4-րդ հարկատուին կորցնելիս կարելի է ասել՝ վայնասուն ենք բարձրացնում, բայց պոտենցիալ 1-ին հարկատուին ուղղակի չենք թողնում բացվի։ Ամուլսարը կարող է դառնալ համար 1 հարկատուն, իրեն ասում ենք՝ դու մի բացվի, բայց 4-րդ հարկատուն․․․ իրենք 2 հանք են էլի»,– «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի մտքեր է արտահայտել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Լրագրողի հարցադրմանը կապված բնակիչների և բնապահպանների դժգոհության հետ, մարդկանց առողջության հաշվին տնտեսություն զարգացնելու խնդրի առնչությամբ, Քերոբյանն արձագանքել է․ «Ես մարդկանց առողջությունը շատ բարձր եմ գնահատում և համարում եմ, որ մեր տնտեսությունը պետք է զարգացնենք հնարավորինս կանաչ ձևով, այսպես ասած, բայց նաև պետք է հաշվի առնենք, որ մենք հիմա գտնվում ենք այնպիսի տարածաշրջանային միջավայրում, որ իրավունք չունենք մեզ անհարկի ճոխություններ թույլ տալ։ Ես չեմ ուզում ասել, որ Ամուլսարը պետք է բացվի կամ պետք է չբացվի․․․ դա մի հատ որոշում է, որ պետք է համադրել տնտեսական շահը, համայնքների շահը և բնապահպանական շահը և 3 շահերն էլ ոնց որ իրար հետ հավասար են էլի»։ 

«* EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը, բազմաթիվ անհատ բնապահպաններ, բնապահպանական կազմակերպություններ, ինչպես նաև հենց իրենք՝ տեղի բնակիչներն, ահազանգել և բարձրաձայնել են Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման անթույլատրելիության և բազմաթիվ վտանգների մասին։ Արդեն տարիներ շարունակ տեղի բնակիչները դեմ են արտահայտվում հանքավայրի շահագործմանը։ Նշված հանքավայրի շահագործումը կարող է աղետաբեր լինել երկրի համար և դրա վկայությունները բազմաթիվ են, ներկայացվել են գիտականորեն հիմնավորված կերպով, տարբեր մասնագետների կողմից։ 

Սակայն, այս պարագայում, միգուցե անիմաստ է խոսել գիտական հիմքերի մասին, քանի որ Ամուլսարի ոսկու հանքավայրի մասին կմկմալով և ցրիվ մտքեր արտահայտելով խոսում է բարձրաստիճան պետական պաշտոնյա, որն անգամ չգիտի հանքավայրի շահագործման հնարավոր վնասների մասին, ինչպես նաև կարծում է, թե հարկատու է լինելու հենց Ամուլսարը, և ոչ թե այն շահագործող ընկերությունը։ Չարժե ավելին ակնկալել մարդուց, որը հարցազրույցի ընթացքում դժվարանում է սեփական մտքերն արտահայտել կամ խոսում է մի բանի մասին, ինչի «վնասների մասին հաշվետվություն» չի կարդացել»։

Այսպիսով, Վահան Քերոբյանի «հայտարարությանը» արձագանքել են մի շարք բնապահպաններ, այդ թվում՝ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը, որի հայտարարությամբ ասվում է․ «Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Մենյու Փողբեյլին ֆեյսբուքյան ասուլիսում անդրադարձել է նաև Ամուլսարին։ Նա նշել է, որ Ամուլսարը չշահագործելու դեպքում մենք կորցնում ենք առաջին հարկատուին։

Այո՛, հետպատերազմյան Հայաստանում մեր տնտեսությունը գտնվում է ճգնաժամային իրավիճակում, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է կորցնենք մեր արժանապատվությունն ու գտնենք այնպիսի լուծումներ, որոնք անդառնալի հետևանքներ կունենան մեր հայրենիքի և ապագա սերունդների վրա։

Այս պատերազմում հայ ռազմիկը կռվել ու զոհաբերել է իր կյանքը հանուն առողջ ու երջանիկ Հայաստանի, հանուն գալիք սերնդների երջանկության։ Եվ հետևաբար մենք պետք է գտնենք այնպիսի լուծումներ, որոնք բխում են մեր պայքարի ու մեր ապագա երազանքի սկզբունքներից»։ 

* Խմբագրի կողմից։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում