Ավելի քան 6000 ծառ է տնկվել ի հիշատակ պատերազմում ընկած հերոսների

«Ստեղծված դժվարին իրավիճակում անչափ կարևոր է շարունակել կատարել աշխատանք, որն ապագայում նոր ծիլեր տալու հնարավորություն է ստեղծում՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և համայն մարդկության։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ հավատարիմ մնալով իր գաղափարներին, նոյեմբեր ամսվա ընթացքում ձեռնարկել և իրականացրել է ծառատունկ՝ նվիրված հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ընկած հերոսների հիշատակին»,– հայտնել է FPWC մամուլի ծառայությունը։ 

Հաղորդագրությամբ մասնավորապես ասվում է․ «Այս ընթացքում FPWC կողմից ավելի քան 6000 ծառ է տնկվել Վայոց Ձորի և Արարատի մարզերում։ Հատուկ ընտրված «թիրախային տնկման հայեցակարգի» (Target Plant Concept/TPC) մեթոդի կիրառմամբ Ուրցաձորի, Հովազաձորի, Մոզրովի տարածքներում տնկվել են փշատենիներ, տանձենիներ, նշենիներ։ Տարիներ շարունակ FPWC կողմից կիրառվող մեթոդի շրջանակներում ընտրվել են տեղի էնդեմիկ բուսատեսակների սերմեր, սածիլները խնամքով մշակվել են տնկարաններում, այսպիսով հարմարեցվելով տարածքին, որտեղ տնկվելու են։ Այս մեթոդի շնորհիվ ապահովվում է բույսերի բարձր կպչողականություն։ 

Ընդգծենք, որ հաջորդ տարի Հիմնադրամը նախատեսում է իրականացնել արդեն 20 000 ծառի տնկում։ Ընդլայնվելու են նաև տնկվող ծառերի տեսակները․ արդեն իսկ տնկվող տեսակներին ավելացվելու է ալոճենին ու խնձորենին։ 2021թ․-ի ընթացքում նախատեսվում է ևս մեկ նորարարական գաղափար իրականացնել՝ մեկնարկելով գիհու աճեցման փորձարարական ծրագիրը»։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում