Շնամարտերի կազմակերպիչները շարունակում են անպատիժ մնալ

«Դինգո Թիմ» ՀԿ հայտնում է, որ կարճվել է շնամարտերի իրականացման դեպքի հիման վրա հարուցված քրեական գործի քննությունը։ Ավելի վաղ հրապարակվել է տեսանյութ, որտեղ տեսանելի է շնամարտերի իրականացման ամբողջ գործընթացը, ինչի հիմքով էլ որոշում է կայացվել հարուցել քրեական գործ։ 

Այժմ, «Դինգո Թիմ» ՀԿ-ն գրում է, որ քրեական գործը կարճելու մասին որոշմամբ պարզաբանվում է․ «Մխիթար Գրիգորյանն իր սև շան հետ գնացել է փնտրելու իր կորած անասուններից մեկին։ Համագյուղացի Գևորգ ծատուրյանի անասնագոմի տարածքում իր և Գևորգի շները սկսել են կռվել միմյանց հետ՝ որպես խաղ։ Իր շունն արու է, իսկ Գևորգի շունը՝ էգ և ագրեսիվ է եղել բեղմնավորման ժամանակաշրջանի հետ կապված։ Աղմուկից հավաքվել են մարդիկ՝ այդ թվում նաև Մհեր Պապիկյանը, ով ցանկացել է կռվեցնել շներին, սակայն շները շարունակել են “իրենց նախկին խաղը” և չեն գզվռտվել։ Այդ ժամանակ եղել է տարվա շոգ եղանակ, շները եղել են էգ և արու և նման դեպքում շները չեն գզվռտվում։ Շների սկզբնական գզվռտոցը եղել է ինքնաբերաբար, որևէ մեկի կողմից շնամարտ չի կազմակերպվել և չի իրականացվել»։ 

Այնուհետև նշվում․ «Սույն քրեական գործով ձեռք բերված ապացույցներից հետևում է, որ այդ շնամարտը ի սկզբանե կազմակերպված չի եղել, այդ գործընթացը սկսվել է առանց կողմնակի անձանց միջամտության և ազդեցության, ինքնաբերաբար, ուստի այլ անձանց կողմից շնամարտ կազմակերպելու ոչ մի ապացույց ձեռք չի բերվել»։

«Դինգո Թիմ» ՀԿ-ն հակադարձում է՝ ընդգծելով մի քանի կարևոր կետ․ 

«1․ մի խումբ մարդիկ և նախապես հեռվում կանգնեցրած մեքենաներ, ինչը վկայում է նախապես հավաքվելու մասին

2․ շներ, որոնք բացարձակ կռվել կամ “խաղալ” չեն ուզում և մի խումբ մարդիկ նրանց զոռով հասցնում են դրան

3․ ակնհայտ է, որ այնտեղ չկա զույգման շրջանում գտնվող էգ շուն, քանի որ արու շունը զույգման շրջանի մեջ գտնվող էգի հետ կդրսևորեր լրիվ այլ վարք

4․ տեսանյութում չի երևում որևէ անասնագոմ

5․ շների վարքն այս տեսանյութում ընդհանրապես խաղ չէ և դա կփաստի ցանկացած մասնագետ»։ 

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվություն: Ըստ հոդվածի՝ կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը նույնպես հանդիսանում է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորում։

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում