«Նահատակի» պոչամբարի տարածքում բոլոր ապրողներն ունեն առողջական խնդիրներ․ հետազոտություն

2020 թվականի սեպտեմբերի 16-ին չեխական «Առնիկա» հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի» ներկայացուցիչները իրականացրել են ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի միջնամասում գտնվող «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ին պատկանող «Նահատակ» պոչամբարի շրջակայքում բնակվող բնակիչներից մեզի, եղունգների և տնային տնտեսություններում փոշու նմուշառում, բնակիչների առողջության վրա թափոնների քիմիական աղտոտվածության ազդեցությունը պարզելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն։ 

Իրականացվել է նմուշառում մոտ 70 բնակիչներից ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում, Ճոճկան, Փոքր Այրում գյուղերից։ Նմուշառումները ուղարկվել են փորձաքննության Չեխիայի Հանրապետությունում առողջապահության ինստիտուտի հավատարմագրված լաբարատորիա։ 2018-2019 թվականին այդ տարածքում հետազոտվել են հողի, մրգի, բանջարեղենի և մազերի նմուշները:

Վերլուծությունների արդյունքները հաստատել են նմուշներում ծանր մետաղների և թունավոր տարրերի նորմայի գերազանցումներ: Վերցված նմուշներում մկնդեղի, նիկելի, կապարի և կադմիումի առկայության հետ կապված կան քաղցկեղածին և ոչ քաղցկեղածին հիվանդությունների ռիսկեր:

Նմուշառման ընթացքում բնակիչները իրենց մտահոգությունն են հայտնել «Նահատակի» պոչամբարի ռեկուլտիվացման գործընթացի շարունակական ձգձգման վերաբերյալ ու իրենց խոսքում նշել, որ գրեթե բոլորը, ովքեր ապրում են այդ տարածքում ունեն առողջական խնդիրներ, որոնցից առավել տարածված են, սիրտ-անոթային, շնչառական, ստամոքսային, հիվանդությունները, քրոնիկ գլխացավերը, հոգնացությունը, ալլերգիկ դրսևորումները, վերջին երեքից ըստ բնակիչների հաճախ բողոքում են երեխաները։ 

Փորձաքննության արդյունքները հայտնի կդառնան 2020 թվականի նոյեմբեր ամսին և կներկայացվեն հանրությանը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում