Դաժան և ապօրինի «որսի» սիրահարը (ֆոտո)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:

2020թ․-ի օգոստոս ամսին, երբ անգամ սիրողական որսաշրջանը չէր հայտարարվել բացված, Կարո Սարիբեկյան անունով օգտատերը բաց սոցիալական հարթակում բեռնել է ապօրինի որսի մասին վկայող լուսանկարներ։ Օգոստոսի 1-ին բեռնված լուսանկարներում սպանված գորշուկ է՝ ամբողջովին թարմ արյան հետքերով։ Արդեն հաջորդ լուսանկարներում Կարո Սարիբեկյանը սպանված գորշուկին մորթազերծ է անում և ամբողջ գործընթացը բեռնում համացանց։ 

Ուսումնասիրելով վերջինիս կողմից բաց սոցիալական հարթակ բեռնված լուսանկարները, պարզ է դառնում, որ նա «որսի» սիրահար է, մասնավորապես՝ դաժան և ապօրինի «որսի»։ 

Վերջինիս կողմից բեռնված հարյուրավոր լուսանկարների գերակշիռ մեծամասնությունը որսի թեմայով է, ներկա են սպանված, արյունլվա կենդանիներ, ինչպես նաև՝ մասնակից անչափահասներ։ 

Սպանված գորշուկի հետ արված հպարտ կեցվածքով խմբակային լուսանկարները համացանց են բեռնվել օգոստոսի 1-ին։ Այս կենդանատեսակը չի հանդիսանում որսատեսակ և նախատեսված չէ որսի համար։ 

2020թ․-ի փետրվար ամսին ևս բեռնվել են ապօրինի որսի մասին վկայող լուսանկարներ, որտեղ սպանված նապաստակ է։ Առհասարակ, արդեն մի քանի տարի է, ինչ ՀՀ-ում չի թույլատրվում կաթնասունների որսը, բացի գայլից, աղվեսից և շնագայլից։ Այս տարի թույլատրելի չէ նաև գայլի որսը։ 

2019թ․- սեպտեմբեր ամսին բեռնված լուսանկարներում ևս սպանված գորշուկ է։ Կարո Սարիբեկյանի կողմից բեռնված լուսանկարներում հանդիպում է նաև սպանված շնագայլ, ինչն առանձնանում է դաժանությամբ։ 

Ուշագրավ է նաև վերջինիս կողմից բեռնված հետևյալ լուսանկարները, որտեղ բազմաթիվ, հավանաբար, մարտական AK մակնիշի հրազեն է ցուցադրված։

Ընդգծենք, որ 2020թ․-ի օգոստոս ամսին Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ստորագրել է ՀՀ տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը, որով վերոնշյալ կենդանատեսակը չի հանդիսանում որսի համար թույլատրելի։ Առհասարակ, արդեն մի քանի տարի է, ինչ ՀՀ-ում չի թույլատրվում կաթնասունների որսը, բացի գայլից, աղվեսից և շնագայլից։ Այս տարի թույլատրելի չէ նաև գայլի որսը։ 

Ուստի, սպանված գորշուկն ու նապաստակը, հավանաբար, որսվել են ապօրինաբար։ Հայտնենք նաև, որ Կարո Սարիբեկյանը հավանաբար հանդիսանում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ։

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում