Բնությունից գողացված գայլի ձագը բաց է թողնվել վայրի բնություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքում հրապարակված «Հաջորդը՝ գայլի ձագ․ վայրի բնությունից գողացված կենդանիների վաճառքը շարունակվում է» վերնագրով հոդվածի առնչությամբ հայտնել է, որ գայլը վերադարձվել է վայրի բնություն։ 

Գրությամբ մասնավորապես ասվում է․ «հոդվածի հիմքով կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ Արթուր Հակոբյանի կողմից վայրի բնությունից բերված գայլի ձագը կարճ ժամանակ անց բաց է թողնվել վայրի բնություն։ 

Ուսումնասիրությամբ ձեռք բերված փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժին՝ կայքում հրապարակված առք ու վաճառքի և կատարվածի պարզաբանման նպատակով»։ 

Հիշեցնենք, որ նախապես հայտնել ենք վաճառվող գայլի ձագի։ Արթուր անունով վաճառողը նշել է, որ գտնվում է Գեղարքունիքի մարզում և գայլի ձագի համար սահմանել է 70 000 դրամ արժեք։ «Ես մի երկու շաբաթ առաջ եմ բռնել, սարերից եմ գտել, մայրին չեմ տեսել։ Բերել եմ, պահել եմ, կաթ էր ուտում դեռ, ատամ չկար, մոտավորապես 1 ամսական կլինի։ Հիմա սովոր ա մարդուն, ոնց որ շան նման կանչում ես գալիս ա։ Ես Մարտունիի շրջանի Երանոս գյուղում եմ։ Գինն էլ, որ հաստատ ուզեք, կիջնենք»,- հավանական հաճախորդի հետ զրույցում ասաց Արթուրը։ 

Ընդգծենք, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհն ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»:  

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում