«10-ով 0»․ դպրոցականները՝ դաժան շնամարտերի կազմակերպիչ (ֆոտո)

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգել ՀՀ-ում տեղի ունեցող ապօրինի շնամարտերի մասին։ Ուշագրավ է, որ շնամարտերի կազմակերպիչներն ու իրականացնողները գերակշռաբար կազմում են արական սեռի դեռահաս ներկայացուցիչներ։ 

Այս անգամ տեսանյութի «հերոսը» _h.o.v_770 անունով օգտատերն է։ Տեսանյութում շնամարտի է մասնակցում գերմանական հովվաշուն ցեղատեսակի շուն, իսկ հակառակորդը ևս դեռահաս է, հավանաբար ավելի փոքր տարիքով։ 

Տեսանյութն առանձնանում է դաժանությամբ, քանի որ ոչ միայն շնամարտեր են իրականացվում, այլև՝ կենդանիներից մեկը՝ լինելով մյուսի նկատմամբ ակնհայտ ֆիզիկապես ուժեղ, ցավ և միգուցե կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է պատճառում մյուսին։ 

Ընդգծենք, որ ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ նույնպես, շնամարտերի իրականացման հիմնական շարժառիթ է հանդիսացել մրցակցության մոլուցքը, ինչի մասին գրել է նաև _h.o.v_770 անունով օգտատերը․ «joxs es eq shneren u es lakoti havayi xosalu hamarem zut kevcrel chaseq ansirt ev ayln uxaki 10.0»

ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվության: 

Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը

1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) առանձին դաժանությամբ,

3) մանկահասակի ներկայությամբ,

4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով: 

Հիշեցնենք, որ «Դինգո Թիմ» ՀԿ հայտնել է, որ օրերս կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հոդվածով հարուցվել է քրեական գործ

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում