Ահազանգ․ գյուղատնտեսները թռչունների սպանդ են իրականացնում (ֆոտո)

Համացանցում շարունակում են հրապարակվել լուսանկարներ և տեսանյութեր, որոնց բովանդակությունը զայրույթ է առաջացնում կենդանիների նկատմամբ վերաբերմունքով մտահոգված քաղաքացիների շրջանում։ Այս անգամ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի և «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության ուշադրության կենտրոնում են հայտնվել «Բերքառատ Հայաստան» կոչվող գյուղատնտեսության սիրահարների խմբակում հրապարակված լուսանկարներն ու գրառումը։ 

Երեմ Առաքելյան անունով օգտատերը հրապարակում է մահացած թռչունների լուսանկարներ՝ կից գրությամբ․ «Էս էլ իմ խփած առլուծներն ու փղերը ։։։
Ժող ջան , աշխատող տարբերակ է , կարգին ձևով խաղողի այգին փրկում է էս աննամուսներից։  Երեք օրվա " Տրոֆեյ " ը»։ 

Լուսանկարներում մահացած թռչուններ են, որոնք հայտնվել են գյուղատնտեսների կողմից պատրաստված ցանցերում։ Ընդհանուր առմամբ, բերքը պահպանելու նպատակով գյուղատնտեսների կողմից իրականացվող գործողությունների օրինականությունը կասկածելի է և երբեմն այդ գործողություններն ուղեկցվում են նաև կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքով կամ ապօրինի որսի տարրերով։ 

Այս պարագայում, «Դեպի կայուն էկոհամակարգեր» ՀԿ տնօրեն, կ.գ.թ. Կարեն Աղաբաբյանը հայտնել է․ «Որսաշրջանի ընթացքում այսպես կոչված վնասատուների որսը թույլատրված է, որոնց թվում են թե՛ կաչաղակը, թե՛ ագռավը, սակայն ցանցով բռնելը կրում է զանգվածային սպանդի բնույթ և արգելված է օրենքով։ Ոչ ոք չի խանգարում խաղողագործներին պաշտպանել իրենց խաղողները ցանցով, սակայն՝ լավ տեսանելի և նշաններով։ Այս սարդոստանային ցանցը պաշտպանության միջոց չէ, այլ հենց կենդանիներին ոչնչացնելու նպատակային միջոց է։ Հետևաբար, այս գործողություններն անօրինական են և վնասում են ոչ միայն վնասատու թռչուններին՝ կաչաղակին և ագռավին, այլև՝ մնացած բոլորին, որոնք կարող են սնվել խաղողով։ Իսկ նրանց մեջ կարող են լինել նաև վարդագույն սարյակներ, աղավնիներ, տատրակներ, կեռնեխներ, ինչպես նաև այս տեսակների որս անող թռչուններ՝ ճուռակներ, արտույտաբազեներ, ճնճղաճուռակներ։

Էլ չասեմ, որ խաղողը կարող է գրավել բազմաթիվ միջատների, իսկ նրանց հետևից նաև՝ մեղվակերների, հոպոպների և ներկարարների»։ 

Ընդգծենք, որ որսի ոլորտում հստակ կանոնակարգերը սահմանված են շրջակա միջավայրի նախարարի համապատասխան հրամանով։  

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում