«Թեղին իրեն լավ չի զգում Երևանի պայմաններում»․ Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատող

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ կողմից հրապարակվել են մասնագիտական դիրքորոշումներ կապված Երևան քաղաքում թեղի բուսատեսակի կիրառման հետ։ ՀՀ ԳԱԱ Ա.Լ. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Մերինե Սարգսյանը գրել է․ 

«Ինչ խոսք, Երևան քաղաքի պլանային կանաչապատման պատմությունը սկսվել է անցած դարի սկզբներից, մասնագետների կողմից կատարվել է գրագետ և գիտականորեն հիմնավորված կանաչապատում, աշխատել են լավ մասնագետներ: Սակայն տասնամյակներ անց տեսնում ենք, որ Երևան քաղաքում կանաչապատման մեջ կիրառված թեղին իրեն լավ չի զգում քաղաքային պայմաններում, թեղու առանձնյակները հիվանդանում են, իսկ տարիներ շարունակ կիրառված խորը էտը ոչ միայն չի լավացրել իրավիճակը, այլ ավելի է թուլացրել ծառերը, կորել է ծառերի գեղազարդ տեսքը, նոսրացել ու տձևացել են սաղարթները: Հիվանդ ծառերը աստիճանաբար վերածվում են ծառերի ուրվականների, և փչացնում են քաղաքի տեսքը: Թեղին շատ աղտոտում է քաղաքը պտղակալումից հետո, երբ թափված թևապտուղները քամին այս ու այն կողմ է տարածում, իսկ ամռանը հիվանդ ծառերից թափվող շիրան աղտոտում է մայթերն ու շինությունները:

Անհրաժեշտ է տարիների ընթացքում աստիճանաբար հեռացնել թեղու հիվանդ ծառերը, դրանց փոխարեն տնկել ավելի արժեքավոր, գեղազարդ, քաղաքային պայմաններին լավ հարմարվող ծառատեսակներ:

Այսօր քաղաքապետարանը պատրաստված մասնագետներից լավ թիմ է հավաքել, ովքեր շատ լավ հասկանում են քաղաքաշինությունից, կանաչապատումից, մարդկանց առողջության խնդիրներից, բնապահպանական նորմերից, անում են գիտականորեն հիմնավորված քայլեր: Պետք է մի կողմ դնել ավելորդ հուզականությունը, և թույլ տալ մասնագետներին աշխատել: Եթե անհրաժեշտ է հեռացնել հիվանդ, ծռմռված, քաղաքի տեսքը փչացնող ծառերը, թողեք մասնագետները որոշում կայացնեն: Վստահ եմ, որ կանաչապատման ոլորտում այսօր սկսված բարեփոխումները տալու են գերազանց արդյունք: Դա երևալու է որոշ ժամանակ անց, քանի որ ծառերը, թփերը կենդանի օրգանիզմներ են, և դրանց հարմարվելու և աճի համար ժամանակ է պետք: Եկեք վստահենք մասնագետներին, և կունենանք մեր երազանքների քաղաք-անտառ Երևանը։ 

Հուսամ, որ Հայաստանի մնացած բնակավայրերում էլ կարվեն այսպիսի ծավալուն կանաչապատման աշխատանքներ, ինչպիսիք այժմ արվում են Երևանում»:

Հիշեցնենք, որ օրերս հատվել են Մաշտոցի պուրակում գտնվող մի քանի թեղիներ, ինչն առաջացրել է բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը։

Նշենք նաև, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ փոխտնօրեն, Երևանի պետական բժշկական համալսարանի հիգիենա և էկոլոգիա ամբիոնի ավագ դասախոս, բ․գ․թ, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրել է․ «Այս թեղիների պատմությունը սկսվել է անցյալ տարի։ Արմատները կտրվել էին կառուցապատողի կողմից, բազմակի անգամ կատարվել էր խորը էտ, ակնկայտ են անոթային խնդիրները, հոսող արտաքիրթ, վնասատուներ, կեղևի անզեն աչքով նկատելի մեխանիկական վնասվածքներ, փչակներ։ Եվ այս ամենից հետո վնասված ճյուղերը հանել են կտուրից դուրս։ Կառուցապատողը կիրականացնի փոխհատուցող կանաչապատում' 9 սոսիներ, պուրակի ողջ տարածքում մշտադալար թփերով արդեն ստեղծվել է կանաչ ցանկապատ և կազմակերպության մասնագետների հսկողության տակ կխնամի հարակից կանաչ տարածքը»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում