«Մեզ համար ոչինչ չի փոխվել». «Ռոսատոմը» շարունակում է աշխատել ՀԱԷԿ-ում

Հայկական ԱԷԿ-ի №2 էներգաբլոկը 2020 թ. հուլիսին կկանգնեցվի՝ պլանային-նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) իրականացման նպատակով: ՊՆՎ–ը ցանկացած ԱԷԿ-ում իրականացվող ստանդարտ գործընթաց է, որի ընթացքում սարքավորումների կայուն աշխատանքային վիճակի պահպանման նպատակով կատարվում է վառելիքի փոխաբեռնում և կայանի պլանային վերանորոգում:

Աշխատանքներն իրականացվում են ՀԱԷԿ-ի №2 էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարացման նախագծի շրջանակներում: Ինչպես նշում է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը, կայանի շահագործման ժամկետի երկարացման նախագծով նախատեսվող, միջուկային և ռադիացիոն անվտանգության հետ կապված առանձին միջոցառումների յուրահատկությունը պահանջում է դրանց իրականացման համար ներգրավել համապատասխան կարգավիճակ (հավատարմագրում, վկայագրում, հավաստագրում) ունեցող մասնագիտացված կազմակերպություններ, որոնք ունեն եզակի սարքավորումներ, տեխնոլոգիաներ և բարձր որակավորում ունեցող անձնակազմ:

Վերոնշյալ բոլոր միջոցառումները ընդգրկվել են առանձին ցանկում, և դրանց իրականացման համար կազմվել և ստորագրվել է համապատասխան Շրջանակային համաձայնագիր, որը պարունակում է ավելի քան 50 միջոցառում, «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ հետ կնքման նպատակով՝ ի կատարումն Հայաստանի Հանրապետության Կառավարության Որոշման: Համաձայնագրի պայմանները տարածվում են նախագծի շրջանակներում կնքվող պայմանագրերի վրա:

Ֆինանսավորման աղբյուրին առնչվող խնդիրը ոչ մի կերպ չի անդրադառնա ատոմային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի գլխավոր նախագծի վրա: «Մենք միշտ կատարում ենք միջազգային նախագծերով ստանձնած մեր պարտավորությունները, մասնավորապես, Հայաստանում մենք այսուհետ ևս պատրաստ ենք շարունակել Հայկական ԱԷԿ-ի արդիականացմանն ուղղված վերանորոգման աշխատանքները: Մեզ համար ոչինչ չի փոխվել: Մայիսին մենք կնքել ենք ՀԱԷԿ-ի հետ երկու պայմանագիր. առաջինը՝ ռեակտորի իրանի վերականգնիչ թրծաթողման իրականացման մասով, և արդեն ձեռնամուխ ենք եղել նախապատրաստական աշխատանքներին, և երկրորդը՝ ռեակտորի ակտիվ գոտու հովացման համակարգի արդիականացման մասով: Բացի այդ, տարվելու են ԱԷԿ-ը հաջորդ տարի հիմնանորոգման համար նախապատրաստելուն ուղղված աշխատանքներ», - մեկնաբանում է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենիյ Սալկովը:

«Ինչ վերաբերում է հայկական և ռուսական ձեռնարկությունների փոխհարաբերություններին, ապա համագործակցության անցյալ տարիներից ի վեր դրանք միայն կատարելագործվում են. աճում է փոխըմբռնումը, վստահությունը, համատեղ գործողությունների կառավարման և համակարգման ընթացակարգերը պարզեցվում են, դրսևորվում է հավասար հետաքրքրվածություն աշխատանքների վերջնական արդյունքի նկատմամբ», - ընդգծեց Մովսես Վարդանյանը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում