Հաջորդը՝ գայլի ձագ․ վայրի բնությունից գողացված կենդանիների վաճառքը շարունակվում է (ֆոտո)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ վայրի բնությունից գողացված կենդանական աշխարհի օբյեկտների մասին։ Ակտիվությունը հավանաբար կապված է տարբեր տեսակի կենդանիների նոր լույս աշխարհ եկած և անպաշտպան ձագերին ձեռք բերելու հեշտությամբ։ 

Կենդանի կենդանիների և դրանց արգասիքների առքն ու վաճառքը շարունակվում է չկանոնակարգված մնալ ՀՀ իրավական նորմերով։ Այդ իսկ պատճառով առանց պատշաճ վերահսկողության են մնացել թե՛ առձեռն վաճառք իրականացնող հաստատությունները, թե՛ առցանց վաճառքի կայքերն ու ցանցերը։ 

Այս անգամ առցանց վաճառքի կայքերից մեկում հանդիպում ենք վաճառվող գայլի ձագի։ Արթուր անունով վաճառողը նշել է, որ գտնվում է Գեղարքունիքի մարզում և գայլի ձագի համար սահմանել է 70 000 դրամ արժեք։ 

«Ես մի երկու շաբաթ առաջ եմ բռնել, սարերից եմ գտել, մայրին չեմ տեսել։ Բերել եմ, պահել եմ, կաթ էր ուտում դեռ, ատամ չկար, մոտավորապես 1 ամսական կլինի։ Հիմա սովոր ա մարդուն, ոնց որ շան նման կանչում ես գալիս ա։ Ես Մարտունիի շրջանի Երանոս գյուղում եմ։ Գինն էլ, որ հաստատ ուզեք, կիջնենք»,- հավանական հաճախորդի հետ զրույցում ասաց Արթուրը։ 

Ընդգծենք, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհն ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»: 

Բնությունից գողացված կամ «սարերում գտնված» գայլի ձագի ապագան այժմ անորոշ է․ արդյո՞ք հնարավոր կլինի նրան վերադարձնել վայրի բնություն, թե՞ վերջինս դատապարտված է վերածվելու շնացած գայլի, որի բնական կենսագործունեությունն ամբողջովին խաթարված է։ 

Ակնհայտ է, որ ոլորտում բարելավում արձանագրելու համար ՀՀ կառավարությանն անհրաժեշտ է համակարգային փոփոխություններ իրականացնել երկրում՝ առաջին հերթին ստեղծելով վայրի կենդանիների փրկության համար նախատեսված խոշոր կենտրոն, ինչպես նաև՝ մշակել հստակ իրավական նորմեր, որոնցով հնարավոր կլինի կարգավորել ոլորտն ամբողջությամբ և որը կսահմանի հստակ և խիստ պատիժ բնության դեմ կատարվող հանցագործությունների համար։

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում