Դեռահասներն ավիրում են գիշատիչ թռչնի բույնը (տեսանյութ)

ՀՀ-ում էկո-կրթության, էկո-գիտակցության և պատասխանատու վերաբերմունքի մակարդակը շարունակում է ցածր մնալ, հատկապես՝ դեռահասների շրջանում։ Այս շրջանում, երբ ակտիվորեն ընթանում է ձվադրման շրջանը, հայտնաբերում ենք բազմաթիվ դեպքեր, որոնք ոչ այլ ինչ են, քան բնավիրում և դաժան հանցագործություն բնության դեմ։ 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: 

Սեփական «հերոսությունն» ի ցույց դնելու նոր հարթակներից մեկում օրերս հայտնվել է կարճ տեսանյութ, որտեղ մի խումբ դեռահասներ թռչնի բնից հանում են ձու, իսկ մեկնաբանություններում «sargis_hako» անունով օգտատերը պնդում է, թե ձուն տեղն են դրել,- «nkarelenq noric drelenq tex@... khelnem dzver@ knkarem cuyc ktam ete cheq havatum»,- մեկնաբանել է տեսանյութը 12-14-ամյա Սարգիսը։ 

«sargis_hako»

Լուսանկարում պատկերված Սարգիսը տեսանյութին կից գրել է՝ «#like #rek #sargis_hako #baze», հավանաբար կարծելով, որ թռչունը բազե է, իսկ տեսանյութն արժանի է «like»-երի/հավանության։ Տեսանյութը մեկ օրվա մեջ ունեցել է ավելի քան 30 հազ․ դիտում։ «Sargis_hako» անունով օգտատերի էջում մի քանի անգամ շրջանառվում է «35NU753» պետհամարանիշներով ավտոմեքենան։ 

Թռչնադիտարկման փորձագետ Սիրանուշ Թումանյանը մեզ հետ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ զրույցում նշեց, որ տեսանյութում գիշատիչ թռչնի բույն է, հնարավոր է՝ տափաստանային ճուռակի (Buteo rufinus), սակայն միանշանակ պնդել դժվար է։ Սիրանուշ Թումանյանն ընդգծեց, եթե անգամ թռչնի ձուն դեռահասները տեղն են դրել, միևնույն է՝ արարքն անդառնալի հետևանքներ է ունեցել։ «Բազմաթիվ սցենարներ կան, թե ինչ վատ հետևանք կարող է լինել։ Եթե միամիտ թափ են տվել, անհաջող շարժել՝ սաղմը մեջը սատկել է կամ թռչունը ուշ է վերադարձել, ձուն սառել է, էլի սաղմը սատկել է։ Իրենց արածը տեսել է, օրինակ՝ ագռավը կամ աղվեսը, և մինչև ծնողի գալը եկել ձուն տարել է։ Բնին նույնիսկ մոտենալ չի կարելի, էլ ուր մնաց ձուն հանեն, դնեն տեղը»,- մանրամասնեց նա։ 

Ակնհայտ է, որ էկո-կրթության, էկո-գիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներն ունեն բարելավան կարիք, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն հատկապես դեռահասների, երիտասարդների շրջանում բնության պահպանության անհրաժեշտության մասին գաղափարների տարածումը։ 

Ընդգծենք, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհն ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»: 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում