Ահազանգ․ Կավարտի լքված հանքի տարածքից վտանգավոր նյութերը թափվում են Ողջի գետ (տեսանյութ)

Համացանցում տեսանյութ է հրապարակվել օգտատեր Վրեժ Դիլանյանի կողմից, որտեղ ցուցադրվում է Ողջի գետի աղտոտվածությունը։ 

«Կավարտի լքված հանքի տարածքից Ողջի գետ լցվող հեղուկ զանգվածը Կապանի տարածքում, որը պարունակում է բազմաթիվ ծանր ու վտանգավոր մետաղներ ու նյութեր»,- մեկնաբանել է տեսանյութը Վրեժ Դիլանյանը։

«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը գրում է․ «Տարածքը, որն այժմ կոչվում է Կավարտ, մետաղների մշակմամբ հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից: 18-րդ դարում արդեն հայտնի էր որպես պղնձի արդյունահանման և ձուլման կենտրոն: 19-րդ դարի կեսերեից մինչև 20-րդ դարի սկիզբը Կավարտի կամ Ղաթարի պղնձահանքերը շահագործել են հույն արդյունաբերողներ Կոնդուրովները, հայ Խոջամիրովները և ապա նաև ֆրանսիացիները: Հանքավայրը հայտնի է նաև Մեծ Մաղարա անունով: 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունների կողմից վերաբացվեցին 1917-18թթ անիշխանության և Հայաստանի 1-ին Հանրապետության օրոք փաստացի չգործող հանքերը: 1924 թ-ից նրան կոչվեցին Լեն հանքեր: Մինչև 50-ական թթ․ այն շահագործեցին որպես փակ հանքեր, իսկ ահա դրանից հետո մինչև 1985 թ․ գործեցին որպես բաց հանքեր: Այդ գործունեության ընթացքում ավերվեց հին Կավարտ գյուղը՝ իր սբ․ Գևորգ եկեղեցու հետ:

Հայաստանի անկախացումից հետո շահագործումը վերսկսվել է 1999 թվականին։ Հետագայում Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի մասնավորեցումից հետո նոր սեփականատերը՝ կանադական Դինո Գոլդ Մայնինգ (ներկայումս Դանդի Փրիշս Մեթալս) ընկերությունը, շարունակել է Կավարտի բացահանքի շահագործումը։ Սակայն 2-3 տարի անց նորից դադարեցրել է և այսպիսի վիճակում թողել մեզ»։

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում