Արտակարգ դեպք․ Արագածոտնի մարզում արջը «փախել» է մեքենայից
Երեկ՝ մայիսի 4-ին, արտակարգ դեպք է գրանցվել Արագածոտնի մարզում։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկություններով՝ Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում անհայտ քաղաքացուն պատկանող մեքենայից արջ է «փախել», իսկ մեքենան հեռացել է՝ թողնելով կենդանուն։ Ականատեսները զանգահարել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայություն, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանություն։
Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև ԱԻՆ մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը՝ մանրամասնելով․ «Նման ահազանգ է եղել, որ, հավանաբար, արջի քոթոթ մեքենայից դուրս է թռել և փախել։ Ահազանգել են նաև ոստիկանություն։ Փրկարարներն ու ոստիկանները միասին փնտրել են ու չեն գտել, որոնումն էլ դադարեցվել է։ Դեպքը եղել է, թե՞ ոչ, ո՞վ գիտի․․․ ամեն դեպքում ահազանգ կա»։
Իսկ, թե ինչպե՞ս է արջը հայտնվել մեքենայի մեջ, այնուհետև՝ «թռչել ու փախել» այնտեղից, նույնպես հայտնի չէ։ Տեղեկություններն իրարամերժ են․ հստակ չէ՝ խոսքը գնում է քոթոթի, թե՞ հասուն առանձյակի մասին։
Նշենք, որ ՀՀ-ում հանդիպում է գորշ արջ տեսակը (Ursus arctos)։ Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Ներկայումս տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii,iv): ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալների համաձայն՝ հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է ծ.մ. 400–500 մինչև 3000 մ բարձրություններում: Բազմանում են մայիսին: Հղիությունը տևում է մոտ 7 ամիս: Ձագերը (առավել հաճախ` 2, հազվադեպ` 1 կամ 3-4) ծնվում են բնում դեկտեմբերի վերջից մինչև մարտ:
Հաշվի առնելով հանգամանքը, որ կենդանին եղել է մեքենայի մեջ, հավանաբար եղել է մարդամոտ, միգուցե նաև՝ վարժեցված մարդու կողմից։
Ընդգծենք նաև, որ գորշ արջի ձագերը տարվա այս ամսին լինում են 3-4 ամսեկան։
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհն ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»:
Ուստի, վայրի բնության միավոր վերցնելն առանց ՀՀ իրավական նորմերով սահմանված պահանջների բավարարման ապօրինի և անթույլատրելի է։ Անազատ կամ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների պահումը ևս կանոնակագրվում է իրավական նորմերով, որոնք մանրամասնորեն ներկայացրել ենք բազմիցս։ Միևնույն ժամանակ, ՀՀ իրավական նորմերում առկա բացերն ու թերությունները թույլ են տալիս որոշ դեպքերում շրջանցել դրանք։
Ընգծենք, որ ՀՀ բոլոր մասնավոր տարածքներում վայրի կենդանիներն անազատ պայմաններում ապօրինի են պահվում, քանի որ ՇՄ նախարարությունն անազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու դիմումներ չի ստացել:
Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղը գտնվում է Թալին քաղաքից 5 կմ հարավ, մարզկենտրոնից` 52 կմ հեռավորության վրա, Թալին-Արմավիր ավտոմայրուղու վրա: Գտնվում է ծովի մակարդակից 1450 մ բարձրության վրա: Կլիման չափավոր ցամաքային է, աչքի է ընկնում ցամաքայնությամբ: Ամառները տաք են եւ չոր, ձմեռները` ցուրտ, ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Բնական լանդշաֆտները չոր տափաստաններն են:
Լուսանկարը՝ Արմավիրի մասնավոր տարածքում պահվող քոթոթ, 2018թ․