«Արջը նորից հղի ա, մեկ էլ հղի աղվես ունեմ․․․»․ քոթոթները փոխանակվում են մեքենայի հետ

ՀՀ-ում շարունակվում է համակարգային անտարբերություն և անպատասխանատու վերաբերմունք դրսևորվել վայրի բնության, հատկապես՝ կենդանական աշխարհի օբյեկտների նկատմամբ։ Կենդանական աշխարհի օբյեկտներն ընկալվում են որպես իր, առարկա, որոնց կարելի է առանց հավելյալ պատասխանատվության գնել, վաճառել կամ փոխանակել։ Հատկապես ուշագրավ է, որ նման գործարքներն իրականացվում են անթաքույց՝ սոցիալական ցանցերի կամ այլ առցանց վաճառքի կայքերի միջոցով։ Նման գործարքներն անուշադրության են մատնվում ոչ միայն ոլորտային պատասխանատու մարմինների, այլև՝ իրավապահ մարմինների կողմից։ Ստեղծված իրավիճակը հասարակության որակի մասին վկայող ամենախոսուն ցուցանիշն է։ 

Օրերս սոցիալական ցանցերից մեկում Կարեն Ջանոյան անունով օգտատերը հայտարարություն է տեղադրել․ «Vajarum kam poxanakum em archi qototner»: Նշված հայտարարությունը ոչ միայն Կարեն Ջանոյան անունով օգտատիրոջ քաղաքացիական գիտակցության մակադակի մասին է խոսում, այլև ապօրինի գործողության տարրեր է պարունակում։ 

Կարեն Ջանոյան անունով օգտատերը հավանական հաճախորդի հետ զրույցում իրարամերժ տեղեկություններ հայտնեց։ Վերջինս նշեց, որ վաճառում է երկու քոթոթի՝ էգ ու որձ, արժեքը՝ 3000 դոլար։ «Արջը նորից հղի ա, մեկ էլ հղի աղվես ունեմ․․․ հա՛, երկուսն էլ, հա բա գարուն ա։ Քոթոթներից մեկը 20 օրեկան ա, էն մեկը՝ երկու ամսեկան։ Դե արջն ու աղվեսն էլ հղի են էլի։ Աղվեսը քեզի հազար դոլարով կտամ։ Մանումենտը գիտե՞ս, Ազատության պողոտա, դե, որ գաս գենշտաբի մոտ, զանգես ինձի, տոչնի կասեմ, կմոտիկանաս, բայց նենց արա չծախվեն»։ 

Ուշադրություն հրավիրենք նաև, թե ինչ հոգեցունց գաղափարախոսությամբ է վերջինս առաջնորդվում․ «Թքած ունեմ օրենքների վրա, կպնես իմոնց վարի կտամ ձերոնց»։ Ընդգծենք, որ Կարեն Ջանոյան անունով օգտատերը հայտարարությունը տեղադրել է «Ավտոշուկա» խմբում, իսկ քոթոթներին՝ կենդանի էակներին, պատրաստ է նաև փոխանակել ավտոմեքենայի հետ։ 

Ստեղծված իրավիճակի գլխավոր պատասխանատուն Շրջակա միջավայրի նախարարությունն է, որը տարիներ շարունակ չի կատարել օրենքով սահմանված իր պարտականությունները։ Նախարարության կողմից երբևէ չի իրականացվել անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պետական հաշվառում, չնայած դեռ 2000թ.-ին ընդունված «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի հոդված 27.1-ի 5-րդ կետը սահմանում է դրա անհրաժեշտությունը. « ...5. Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պետական հաշվառումն իրականացվում է սույն օրենքով սահմանված ժամկետներում, իսկ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառումը` յուրաքանչյուր տարի: Հաշվառման տվյալները ենթակա են պարտադիր հրապարակման, այդ թվում` լիազորված մարմնի կայքէջում տեղադրելու միջոցով»: 

Եթե պետական գերատեսչության կողմից պատշաճ իրականացվեն սահմանված գործառույթները, այսօր՝ 2020թ․-ին, հայտնի կլիներ, թե արդյո՞ք Կարեն Ջանոյան անունով օգտատերը հանդիսանում է անազատ կամ կիսաազատ պայմաններում վայրի կենդանի պահելու թույլտվություն ունեցող անձ։ Բացի ՀՀ օրենսդրությունը, միջազգային պարտավորությունները ստիպում են նաև վարել «Հայաստանի Հանրապետության տարածքում նմուշների տիրապետող, անազատ պայմաններում վայրի կենդանիներ բուծող և արհեստական պայմաններում վայրի բույսեր աճեցնող ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշվառելու» ՍԻԹԵՍ-ի գրանցամատյան, որի տվյալները ևս թերի են։ 

Սակայն իրականությունն այն է, որ ոչ մի պատասխանատու պետական մարմին տեղյակ չէ, թե վերոնշյալ քաղաքացին իսկապես տիրապետում է արդյո՞ք նշված կենդանատեսակի առանձնյակների, հանդիսանում են արդյո՞ք դրանք անազատ պայմաններում, թե՞ վայրի բնության մեջ ծնված առանձնյակներ, զբաղվում է արդյո՞ք նույն քաղաքացին վայրի կենդանիների բուծմամբ և վաճառքով։ Ոլորտում տոտալ բարձիթողի վիճակ է, որն ավելի է սրվում վերահսկող մարմինների թերի աշխատանքի ֆոնին։ 

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է․ «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»: Ընդգծենք, որ ՀՀ տարածքում անազատ և կիսաազատ պայմաններում պահվող բոլոր, կենդանիները, պահվում են ապօրինաբար՝ առանց անհրաժեշտ օրինական հիմքերի

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում