Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով` ապրիլի 6-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Գուգարք գյուղում ստուգել են Վահագնի գյուղի 30-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել ապրիլի 4-ից 5-ը` իրենց գյուղի անտառից: Բենզասղոցով ապօրինի հատել էր մեկ բոխի և հավաքել կաղնու թափուկ փայտի կտորներ:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նույն օրը Գուգարք գյուղում ոստիկանները հայտնաբերեցին ապօրինի ծառահատման ևս մեկ դեպք: Ժամը 3-ի սահմաններում իրավապահները ստուգեցին Վանաձորի 51-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Իվեկո» մակնիշի մեքենան:

Պարզվեց` փայտանյութը ոչ թե վարորդին էր պատկանում, այլ Վահագնաձոր գյուղի 53-ամյա ուղևորին, որը վառելափայտի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չներկայացնելով` հայտնեց, որ փայտանյութը ձեռք է բերել ապրիլի 2-ին Վահագնաձոր գյուղի վարչական տարածքի «Լոռի» հանգստյան տան հարակից անտառից: Բենզասղոցի գործադրմամբ հաճարենի էր հատել:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում