Ահազանգ․ հազվագյուտ կարմիրգրքյան թռչնի միսը՝ «դելիկատես» (ֆոտո)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: 

Բաց համացանցային տվյալների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել ենք գիշատիչ թռչնի ապօրինի որսի մասին վկայող լուսանկարներ։ Թռչունը նաև կարմիրգրքյան է։  Սեյրան Բալդրյան անունով օգտատերն այսօր՝ ապրիլի 5-ին համացանց է բեռնել լուսանկարներ, որտեղ հավանաբար սպանված ցախաքլորաորս (Accipiter gentilis) տեսակի թռչուն է։ 

«Արավես» ՀԿ տնօրեն Սիրանուշ Թումանյանը մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում նշեց, որ լուսանկարում ցախաքլորաորսի հասուն առանձնյակ է։ 

Տեսակն ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում։ Ըստ ԿԳ տվյալների՝ քիչ տարածված, նստակյաց տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii); D1: Նախնական գնահատման համաձայն՝ ներկայումս Հայաստանում բնության մեջ հանդիպում են մոտ 40–60 զույգեր:

Ուշագրավ է նաև, որ Տավուշի մարզի Բերդ բնակավայրի գրանցմամբ 51-ամյա Սամվել Բալդրյանի հպարտ կեցվածքով լուսանկարներում կա նաև անչափահաս երեխա։ Լուսանկարում թռչնի մարմնի վրա նկատելի են նաև արնանման հետքեր։ 

Իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվեց նաև, որ Սամվել Բալդրյանի կարծիքով կարմիրգրքյան ցախաքլորաորսի միսը հավի մսից համեղ է․ վերջինս ոչ միայն որսացել է հազվագյուտ գիշատիչ թռչնի, այլև հավանաբար կերել է նրան, ինչը հղի է բազմաթիվ վտանգներով։ Վայրի բնության միավոր հանդիսացող թռչունը կարող է մի շարք հիվանդությունների կրող և փոխանցող լինել։ Վայրի բնության միավորների նկատմամբ ցուցաբերված անզգուշության և անպատասխանատվության հետևանքներն առավել տեսանելի են այսօր՝ 2020թ․-ին։ 

Կենդանական աշխարհի օբյեկտների շրջանում տարածված և հնարավոր հիվանդությունների մասին խոսել ենք Համաշխարհային կենդանաբուժական ասոցիացիայի (WVA) զոոնոզ հիվանդությունների հսկողության և կանխարգելման փորձագետ Գրիգոր Գրիգորյանի հետ․ «Այս տեսակը, քանի որ մսով է սնվում, ռիսկն ավելի շատ կարող է լինել, որովհետև կենդանին կարող է նաև ցիկլի մեջ լինել մի շարք զոոնոզ հիվանդությունների հետ. միսը կուլ տան, իրենց աղիներով անցնի հարուցիչը, դուրս գա ու տարածվի արտաթորանքի հետ, իսկ եթե կրծողներով են կերակրում, ապա մի ամբողջ ծաղկեփունջ է ստացվում հիվանդությունների»: 

Կարմիր գրքի տվյալների համաձայն՝ վտանգման հիմնական գործոններից ամենաուժեղ ազդեցությունն է թողնում մարդկանց կողմից ուղղակի հետապնդումը: Հերթական սպառնացող վտանգ կարող է հանդիսանալ գիշատիչ թռչունների մերձարևելյան շուկայի զարգացումը, ինչը բերում է որսագողությանը, վաճառքի կամ տնային պայմաններում թռչնին պահելու համար: 2008 թ.-ին Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում պահվել է 60 առանձնյակ: Առնվազն 3 զույգ բնադրում է «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերում, ինչպես նաև «Խոսրովի անտառ» արգելոցում: Հավանական է այս տեսակի ներկայությունը «Շիկահող» արգելոցում: Հաշվի առնելով պոպուլյացիայի համեմատաբար փոքր թվաքանակը և սպառնացող վտանգների առատությունը՝ անհրաժեշտ է կազմակերպել մի շարք միջոցառումներ` ուղղված, ինչպես բնադրավայրերի անմիջական պահպանմանը, այնպես էլ հասարակության կրթությանը: Խստացնել որսագողության համար նշանակվող պատիժը և ավելացնել տուգանքի չափը:

Որսի ոլորտում ստեղծված իրավիճակին անդրադարձել ենք բազմիցս։ Ըստ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից կատարված ուսումնասիրության՝ ՀՀ որսի ոլորտի նկատմամբ ևս բացակայում է պատշաճ մակարդակի վերահսկողություն, իսկ որսորդական միասնական վկայական ստանալու կարգի ոչ լիարժեքության, «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքով սահմանվող որսորդական մինիմում հանձնելու պրակտիկայի ի սպառ բացակայության, մի շարք այլ ընթացակարգային խնդիրների հետևանքով ոլորտում ստեղծվել է քաոսային իրավիճակ, ինչի պատասխանատուն առաջին հերթին պետական լիազոր մարմինն է, որը գրեթե 10 տարի շարունակ պատշաճ կերպով չի իրականացրել իր լիազորություններն ու պարտականությունները։

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհն ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»: ՀՀ-ում գիշատիչ թռչունների որսը թույլատրված չէ առհասարակ, իսկ կարմիրգրքյան հազվագյուտ թռչնի ապօրինի որսն առաջացնում է նաև հավելյալ պատասխանատվություն։ 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում