Ի՞նչ կապ ունեն պաշտոնատար անձինք «Դիլիջան» ազգային պարկում հայտնաբերված բազմաթիվ ապօրինի ծառահատումների հետ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառածածկ տարածքներում իրականացված ստուգման արդյունքների վերաբերյալ փաստաթղթերը, որի արդյունքում պարզվել են ապօրինի բազմաթիվ ծառահատումների դեպքեր, որոնք կատարվել են պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում:

Մասնավորապես ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի՝ 2019թ. օգոստոսին տրված հանձնարարությամբ նույն մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության բուսական աշխարհի վերահսկողության բաժնի և Երևանի, Տավուշի, Շիրակի տեսուչները «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառածածկ տարածքներում իրականացրել են ստուգումներ, որը ներառել է 2017թ․ նոյեմբերիից մինչ ստուգման ավարտն ընկած ժամանակահատվածը։

Ստուգման ընթացքում իրականացված մասնակի զննության արդյունքում արձանագրվել է 257 տարբեր տեսակի և տրամաչափի ապօրինի հատված ծառերի կոճղ, որից 92-ը հայտնաբերվել է «Հաղարծին», 54-ը՝ «Շամախյան», 111-ը՝ «Դիլիջան» տեղամասերումում։ Կազմված հաշվեգնահատման ակտերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ծառերի ապօրինի հատման արդյունքում բնությանը պատճառվել է ավելի քան 28մլն ՀՀ դրամի վնաս։

ՀՀ անտառային օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն անտառային պետական ծառայության պաշտոնատար անձինք պարտավոր են իրենց իրավասության սահմաններում կանխել անտառային օրենսդրության խախտումները, սահմանված կարգով վարել անտառային օրենսդրության խախտումների վերաբերյալ գործերը, անտառային օրենսդրության խախտումների համար համապատասխան պետական մարմնին միջնորդություն ներկայացնել անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև իրենց իրավասության սահմաններում դատարան հայց ներկայացնել անտառային տնտեսությանը հասցված վնասի հատուցման պահանջով: Սակայն «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ պաշտոնատար անձինք պատշաճ չեն կատարել վերոհիշյալ հոդվածով նախատեսված պարտականությունները, և 2017թ․ նոյեմբերի 25-ից մինչ 2019թ. սեպտեմբերի 30-նն ընկած ժամանակահատվածում ստուգվող տարածքներում որևէ ապօրինի հատված ծառ չեն հայտնաբերել, անտառախախտման վերաբերյալ որևէ արձանագրություն չեն կազմել։

Նկատի ունենալով, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացած ստուգման, ՀՀ գլխավոր դատախազության ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու հանցավոր արարքների առերևույթ հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի և 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե և ընդունվել վարույթ, իրականացվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲԸՏՄ կենսաբազմազանության վերահսկողության վարչության կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի արդեն նախկին պետ Արթուր Բեգլարյանը բաց նամակ էր հղել, որով հայտնում էր. «Աշխատանքային գործունեության ընթացքում ինձ հայտնի են դարձել Տեսչական մարմնի ղեկավար Վ․ Ավետիսյանի կողմից Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող թիվ 69100519 քրեական գործով մասնագիտական ստուգում նշանակելու մասին որոշումը չկատարելու, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում իրականացված ստուգմամբ բացահայտված ապօրինի ծառահատումների արդյունքում բուսական աշխարհին պատճառված առանձնապես խոշոր չափերի՝ 28 021 000 ՀՀ դրամի չափով վնասի վերաբերյալ նյութերն իրավապահ մարմիններին չտրամադրելու, պետության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի շահերին հակառակ գործելու և ցուցաբերված անգործության հետևանքով պետությանը գույքային վնաս պատճառելու վերաբերյալ փաստական հանգամանքներ, ինչի կապակցությամբ սույն թվականի հունվարի 30-ին դիմում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին»: 

Նշենք նաև, որ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո՝ դեռևս 2018թ.-ից «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Սուրեն Աղաջանյանը: Ըստ որոշ տեղեկությունների՝ վերջինս հասարակական լայն ծանոթություն ունեցող անձ է, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայանի և Տավուշի նախկին մարզպետ, ԱԺ ներկայիս պատգամավոր Վահե Ղալումյանի: Բացի այդ, վերջինիս դեմ այժմ կա հարուցված քրեական գործ՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու հոդվածով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում