Արմավիրում կրակել են 7 ձագ ունեցող շան վրա (ֆոտո)

ՀՀ-ում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորումները չեն դադարում և երբեմն մարդու կողմից իրականացվող հաշվեհարդարի են նմանվում: «Դինգո թիմ» ՀԿ-ն ահազանգում է Արմավիր քաղաքում 7 ձագ ունեցող շան վրա կրակելու դեպքի մասին:

«Շան վիճակը ծայրահեղ ծանր էր, քանի որ ուղղակի արնաքամ էր եղել, իսկ վզի վերքի չափսն ուղղակի սարսափելի էր:

Ձագուկները արդեն ինքնուրույն ուտող էին, և բնակիչներից մեկը հանձն առավ խնամել նրանց, մինչև մենք մայրիկին ոտքի հանենք և վերադարձնենք ձագուկների մոտ: Վզի միջից արդեն բավականին շատ փամփուշտներ են հանվել»,- տեղեկանում ենք «Դինգո թիմ»-ից: 

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվություն

Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը

1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) առանձին դաժանությամբ,

3) մանկահասակի ներկայությամբ,

4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով: 

Բացի այդ, հրազենի կիրառումը դրա համար օրենքով նախատեսված վայրերից և սահմանված կարգից դուրս ևս ապօրինի է: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 173-րդ հոդվածի հատկանիշներով սահմանվում է․ 

Հոդված 173. Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով

Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում, ինչպես նաև դրա համար հատկացված տեղերում սահմանված կարգի խախտումով`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` հրազենի և ռազմամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում