«Լավ ենք անում, վախենալու բան չունենք»․ շանը կապել են մեքենայից ու քարշ են տալիս

ՀՀ-ում շարունակվում են կենդանիների նկատամբ դաժան վերաբերմունքի դրսևորումները՝ անգամ հաշվի չառնելով հայտարարված արտակարգ դրությունն ու դրա պահպանման համար սահմանված ցուցումները։ Այսօր՝ մարտի 26-ին քաղաքացի Ն․Բ․-ն համացանց է ներբեռնել տեսանյութ, որտեղ ակնհայտ է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, ինչպես նաև՝ ՀՀ պարետի կողմից սահմանված սահմանափակումների խախտումը։ 

Տեսանյութում երկու քաղաքացի մետաղյա շղթայով կենդանուն կապել են մեքենայից և նրան քարշ են տալիս փողոցով։ Քաղաքացին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում մանրամասնեց, որ դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի, Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում։ Վերջինս փորձել է միջամտել, սակայն մեքենայում գտնվող երկու տղամարդ դրսևորել են անհարգալից վարք, հնչեցրել են վիրավորանքներ և սպառնալիքներ և պատասխանել են՝ «լավ ենք անում»։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 26-ին, ժամը 08։30-ի սահմաններում։ 

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվության: 

Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը

1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) առանձին դաժանությամբ,

3) մանկահասակի ներկայությամբ,

4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:  

Միջադեպին արդեն իսկ արձագանքել է ՀՀ ոստիկանությունը՝ հայտնելով․ «Համացանցում հրապարակում էր արվել, որ «կենդանիներին կապել են մեքենայից և քարշ տվել ասֆալտով»։ Հրապարակման հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ ու պարզել արարքը կատարած անձի ինքնությունը։ Քաղաքացին, որը Երևանի բնակիչ է, այս պահին ոստիկանության Էրեբունու բաժնում է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»։

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում