Գագիկ Ծառուկյանի կենդանիները ևս պահվում են ապօրինաբար

«Ցանկացած կենդանի խնամելը պահանջում է ամենօրյա մեծ ուշադրություն և պատասխանատվության մեծ զգացում»,- լուսանկարներին կից հրապարակվել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի էջում:

Ընդգծենք, որ ՀՀ տարածքում անազատ և կիսաազատ պայմաններում պահվող բոլոր, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանին «պատկանող» կենդանիները, պահվում են ապօրինաբար՝ առանց անհրաժեշտ օրինական հիմքերի: Ստեղծված իրավիճակի առաջին ու հիմնական պատասխանատուն հենց Շրջակա միջավայրի նախարարությունն է, որն այսքան տարիների ընթացքում, ինչպես նաև նախարար Էրիկ Գրիգորյանի պաշտոնավարման ընթացքում չի կատարել օրենքով սահմանված իր լիազորությունները ու պարտականությունները: «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 27.1. հոդվածի 5-րդ մասով նախատեսված անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պետական հաշվառում չի իրականացվել։ Այն իրականացվում է վայրի կենդանիներ պահելու և օգտագործելու իրավունք ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված տարածքներում։ Բնապահպանության նախարարությունն անազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու դիմումներ չի ստացել»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է նույն գերատեսչությունը

Հիշեցնենք, որ 2020թ.-ի հունվար ամսին մեզ հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքում, որտեղ պահվում են տարատեսակ կենդանիներ /դրանց տեսակային և քանակային կազմն անհայտ է/ արտառոց և վտանգավոր միջադեպ է տեղի ունեցել: Պատգամավորի կողմից պահվող գիշատիչներին հաջողվել է դուրս գալ վանդակներից՝ ստանալով ժամանակավոր ազատություն: Բարեբախտաբար միջադեպը «դրական» ավարտ է ունեցել և չեն վնասվել ո՛չ մարդիկ, ո՛չ կենդանիները: Օգնության հասած մասնագետներին հաջողվել է կենդանիներին վանդակ վերադարձնել: Միջադեպը հերթական ազդակն է, որ նշված ոլորտում առկա անկառավարելի, անվերահսկելի և ամենաթող իրավիճակը լի է բազմաթիվ վտանգներով: 

Շրջակա միջավայրի նախարարությունից մեզ հայտնել են նաև, որ քաղաքացի Գագիկ Ծառուկյանը գրանցված չէ «Հայաստանի Հանրապետության տարածքում նմուշների տիրապետող, անազատ պայմաններում վայրի կենդանիներ բուծող և արհեստական պայմաններում վայրի բույսեր աճեցնող ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշվառելու» ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում: 

Գագիկ Ծառուկյանի խնամքի տակ գտնվող կենդանիները նաև օգտագործվում են որպես զվարճանքի միջոց: Ինչպես հայտնել ենք՝ երիտասարդ «ինստագրամահայուհին» կենդանուն օգտագործում է որպես «դեկորացիա» և զվարճանքի միջոց: Հանրային բաց համացանցային տվյալների ուսումնասիրության /lilushik551official/ արդյունքում հայտնաբերում ենք լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ վզկապով հզոր գիշատիչ կենդանու՝ բենգալյան վագրի ձագն օգտագործվում է իբրև ֆոտոսեսիայի գրավիչ աքսեսուար: Ակնհայտ է, որ տեսանյութերում կենդանին դրսևորում է անհանգիստ վարք: Պարզվում է նաև, որ երիտասարդ աղջկա «խաղալիքը» ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին է «պատկանում», ավելի ճիշտ՝ վերջինիս «պատկանող» գիշատիչների նոր սերունդն է՝ ծնված «Ծառուկյանի օջախում»: 

Նշենք, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ գործող օրենքի հոդված 21-ը սահմանում է. «Վայրի կենդանիների արտահանումը, ներմուծումն ու դրանց պահումն անազատ պայմաններում կամ վերաբնակեցումն ազատ պայմաններում իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործման տրամադրված վայրի կենդանիների արտահանման»:  

Այնուհետև «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի հոդված 27.1-ը սահմանում է. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիները պահելու կարգը.

1. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառեն պահելու վայրից կենդանիների փախուստը: Փախուստը բացառելու և մշտական վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները համարակալված օղակավորվում են»։

Նշված պարագայում խախտված են կենդանու կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառված չէ պահելու վայրից կենդանիների փախուստը, ինչը և տեղի է ունեցել:

Հոդված 27․2-ը սահմանում է. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործման կարգը.

1. Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, արգասիք ստանալու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու, որսի և որպես որսամիջոց (որսկան թռչուն, խաբսաբադ) օգտագործելու նպատակներով»։

Նշված դեպքում վայրի կենդանիներ պահելու նպատակը չի կարող համապատասխանել օրենքով սահմանված նպատակներից և ոչ մեկին։ 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում