Թե ինչպես է ապօրինաբար զավթվել «Սևան ազգային պարկ»-ի տարածքը

Քրեական գործի քննության շրջանակներում պարզվել է, որ ՀՀ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 10526 քմ հողամասը զավթվել է, և 2015թ., առանց սահմանված կարգով կառուցապատման իրավունքի տրամադրման, հիշյալ հողամասում կառուցվել են ինքնակամ շենքեր և շինություններ: Այդ ընթացքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև Դրախտիկ համայնքի համապատասխան պաշտոնատար անձինք, հողամասի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու ուղղությամբ դիտավորությամբ միջոցներ չեն ձեռնարկել, հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացնող անձանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվել:

2016թ. դեկտեմբերի 12-ին միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից հիշյալ հողամասի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով անցկացվել է մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Երևան քաղաքի մի բնակիչ: «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի 2016թ. դեկտեմբերի 26-ի որոշման հիման վրա այդ անձին 25 տարի ժամկետով վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվել է նշված հասցեում գտնվող 1,0526 ՀԱ հողամասը՝ 2 տարվա ընթացքում 250 մլն ՀՀ դրամ ներդրումով հանգստի գոտի կառուցելու համար: Ապա 2017թ. մայիսին կնքվել է պետական սեփականություն հանդիսացող այդ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը, փաստորեն, այն դեպքում, երբ արդեն իսկ հողամասը զավթված է եղել և դրա վրա ինքնակամ կառուցված են եղել շենքեր և շինություններ:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի ղեկավարը և նույն մասնաճյուղի տեսուչը հաստատապես իմանալով, որ պետական սեփականություն հանդիսացող այդ հողամասի վրա ապօրինի կառուցվում են ինքնակամ շենք-շինություններ, միջոցներ չեն ձեռնարկել դրանք կասեցնելու ուղղությամբ: Իսկ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի նախկին ղեկավարը, հաստատապես իմանալով նախկին նախարարի կողմից այդ հասցեում առանց համապատասխան թույլտվության ամառանոց կառուցելու մասին, դիտավորությամբ չի կատարել ինքնակամ կառույց իրականացնողի նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու իր լիազորությունները:

Ավելին, հստակ իմանալով արդեն իսկ կառուցված՝ ամառանոցի առակայության մասին՝ համայնքի ղեկավարը նշված հասցեի հողամասի վերաբերյալ պատրաստել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ ճարտարապետահատակագծային առաջադրանք, որում մտցրել է կեղծ տեղեկություններ, առ այն, որ նշված հողամասը չկառուցապատված, կիսով չափ ծառապատված տարածք է: Դրա հիման վրա 12.12.2016թ. միջգերատեսչական հանձնաժողովի կողմից պետական սեփականություն հանդիսացող այդ հողամասի մասով անցկացվել է վերոնշյալ մրցույթը, և ՊՈԱԿ-ի ու քաղաքացու միջև կնքվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր:

Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է Դրախտիկ համայնքի նախկին ղեկավարի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 315.2-րդ հոդվածով, իսկ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի ղեկավարի և նույն մասնաճյուղի տեսուչի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայությունը: Վերջիններս, սակայն, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ շենք-շինությունները կառուցվել են 2010-2015թթ., այսինքն՝ անցել է հանցանքի կատարման վաղեմության ժամկետը, և այն հանգամանքը, որ նշված բոլոր պաշտոնատար անձինք զղջացել են կատարած արարքի համար և խնդրել իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, վարույթն իրականացնող մարմինը 04.03.2020թ. որոշում է կայացրել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ համաներման ակտի ընդունման և վաղեմության ժամկետն անցնելու հիմքերով:

ՊՈԱԿ-ի և քաղաքացու միջև 2017թ. մայիսին կնքված պայմանագրով կառուցապատում իրականացնելու ժամկետ չի սահմանվել, իսկ դրանից հետո առ այսօր համայնքի ղեկավարի կողմից կառուցապատողին շինարարության թույլտվություն չի տրամադրվել։ ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարում են դատական կարգով, եթե կառուցապատման համար տրամադրված հողամասը կամ դրա մասը երեք տարվա ընթացքում չի օգտագործվել: 2020թ․ մայիսի 3-ին սպառվում է կառուցապատում իրականացնելու և ավարտելու ժամկետը, իսկ հողի սեփականատիրոջ, տվյալ դեպքում պետության մոտ, ծագում է հողամասի նկատմամբ կառուցապատողի իրավունքները դատական կարգով դադարեցնելու իրավունքը։

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Շրջակա միջավայրի նախարարությանը՝ քննարկելու վերոնշյալ իրավական հիմքերով կառուցապատողի իրավունքը դադարեցնելու պահանջով դատարան հայց հարուցելու, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված ինքնակամ շինությունների հետագա տնօրինման հարցերը:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում