Որսորդական հրազենը՝ ամենաթողության ցուցի՞չ. Շենգավիթում սպանել է հարևանի շանը

Փետրվարի 23-ին ՀՀ-ում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական դեպքն է արձանագրվել: ՀՀ ոստիկանությունը EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին հայտնեց, որ ստացվել է ահազանգ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում հարևանի կողմից շանը կրակելու դեպքի առնչությամբ, նախապատրաստվում են նյութեր: 

Նախնական տվյալների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի 12-րդ փողոցի բնակիչների մասնակցությամբ. հարևանը որսորդական հրազենով կրակել և սպանել է նույն վարչական շրջանի մեկ այլ բնակչի շանը՝ պատճառաբանելով, թե շունը հարձակվել է երեխայի վրա: 

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ՀՀ-ում արձանագրվել են թափառող կենդանիների կողմից մարդկանց կծման դեպքեր, որոնց հաջորդել է քաղաքացիների կողմից բարձրացված բողոքի ալիք, ինչի հետևանքով կենդանիների և մարդկանց համակեցությունը նույն տարածքում դարձել է լարված ու ագրեսիվ: Իրավիճակի սրմանը մեծապես նպաստել է նաև սոցիալական ցանցերում օգատերերի, ինչպես նաև տարբեր ԶԼՄ-երի կողմից թեմայի շահարկումը և խուճապային մթնոլորտի ձևավորումը: 

Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվության: 

Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը

1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) առանձին դաժանությամբ,

3) մանկահասակի ներկայությամբ,

4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով: 

Բացի այդ, հրազենի կիրառումը դրա համար օրենքով նախատեսված վայրերից և սահմանված կարգից դուրս ևս ապօրինի է: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 173-րդ հոդվածի հատկանիշներով սահմանվում է․

Հոդված 173. Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով

Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում, ինչպես նաև դրա համար հատկացված տեղերում սահմանված կարգի խախտումով`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` հրազենի և ռազմամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում