Մեծավանի ջրամբարում հազարավոր ձկներ են անկել (տեսանյութ)

Հայաստանում բնասեր հասարակությունը շարունակում է ահազանգել տարբեր դեպքերի մասին, որոնք վնասում են բնությանը: «Կանաչ Հայաստան» ՀԿ-ն ահազանգում է Մեծավան (նախկինում՝ Շահնազար) գյուղի ջրամբարում ձկների զանգվածային անկման մասին: 

«Լոռվա մարզի Տաշիրի շրջան Շահնազար գյուղի մոտ ջրամբարի չորացման պատճառով ձկները սատկել են»,- տեսանյութին կից գրված է ՀԿ էջում: 

Մեծավանը գտնվում է ՀՀ Լոռու մարզում: Գյուղը հյուսիսից և արևելքից շրջապատված է Վիրահայոց լեռներով, արևմուտքից Ջավախքի լեռներով, իսկ հարավարևմտյան և հարավային մասերով հոսում է Ձորագետի խոշոր վտակ Տաշիրը: Ըստ բաց հանրագիտարանային տվյալների՝ գյուղից հյուսիս-արևմուտք, մոտ 3կմ հեռավորությամբ` Մեծավանի ջրամբարն է: Այն նախագծվել է «Հայպետջրնախագիծ» ինստիտուտում և շահագործման է հանձնվել 1990 թ., ունի 5,4 մլն խմ ծավալ, 330 հա մակերես, պատվարի լայնությունը 7 մ է, բարձրությունը` 7 մ: Ջրամբարի ջրերով ոռոգվում է շուրջ 700 հա հողատարածություն:

 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում