Եվս մեկ անկում Երևանի կենդանաբանական այգում. մանրամասներ

Փերվարի 20-ին Երևանի կենդանաբանական այգում եվրոպական եղնիկ է անկել: Ինչպես EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին հայտնեց ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը՝ կենդանու անկման պատճառ է հանդիսացել կերակրափողի խցանումը պոլիէթիլային տոպրակով: 

ԵԿԱ մամուլի պատասխանատու Աննա Վանյանը մեզ հետ զրույցում նշեց. «Կերակրափողում 25 սմ մեծությամբ կերային խցանում է եղել պոլիէթիլենային տոպրակի մնացորդներով: Մնացած օրգաններում ախտաբանական փոփոխություններ չեն արձանագրվել, կենդանու անկումը տեղի է ունեցել հենց կերակրափողի օտար մարմնի կողմից խցանման հետևանքով: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 20-ին, մենք պետք է սպասեինք լաբորատորիայի պատասխանին և տրամադրեինք պաշտոնական տեղեկատվություն, որպեսզի բնակչության շրջանում ապատեղեկատվություն չտարածվեր: Այսօր ստացել ենք պատասխանը»: 

Աննա Վանյանը մանրամասնեց, որ եղնիկը այգի է բերվել Մանվել Գրիգորյանի ամառանոցից, նույնիսկ ԵԿԱ հաշվեկշռում չի եղել այդ կենդանին: «Հնարավոր է տոպրակը եղած լինի հենց ամառանոցում եղած ժամանակվանից, ուղղակի կերը կուտակվի և ստեղծվի այսպիսի պատկեր: Կարող է հենց այցելուի բերած տոպրակ լինի. պատահում է տոպրակով կեր են շպրտում, չենք կարող ամեն այցելուի հետևից վազել, որքան էլ ցուցանակ լինի, փորձենք հորդորել, բայց մարդիկ երբեմն անում են նման բաներ»,- մանրամասնեց նա: 

Ընդգծենք, որ ըստ նախնական տվյալների՝ կենդանու կերակրափողում հայտնաբերվել է նաև թել, որով կապված է եղել կենդանու սնունդ հանդիսացող խոտը և կենդանին կերել է այն սննդի հետ միասին: Նշված տեղեկատվությունը, սակայն, ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը և ԵԿԱ մամուլի պատասխանատու Աննա Վանյանը մեզ հետ զրույցում հերքեցին՝ նշելով, որ հայտնաբերվել է միայն պոլիէթիլենային տոպրակ: 

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին ԵԿԱ-ում անկել է նաև ուղտերից մեկը: ՍԱՏՄ տվյալներով՝ կենդանու մոտ հայտնաբերվել է տուբերկուլյոզի հարուցիչ: Փետրվարի 5-ին միայն ԵԿԱ-ում հայտարարվել է կարանտին և այն փակվել է այցելուների համար: 

ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշել է, որ համապատասխան ախտաբանական փորձաքննություններ են արվել 5 կենդանու վրա՝ ուղտ, լամա, պոնի, քարայծ, եղնիկ: Տուբերկուլինիզացիայի պատասխանը եղել է բացասական, ինչը նշանակում է, որ կենդանիների մոտ առկա չեն տուբերկուլյոզի հարուցիչներ:  

Աննա Վանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Այգին շուտով բացվելու է այցելուների համար: «Մենք երկու վերահսկող կառույցներից արդեն ունենք եզրակացություններ, որ այգին պետք է բացենք և առաջիկայում՝ մի քանի միջոցառումներ անցկացնելու հետո, հնարավոր է հենց վաղը կամ մյուս օրը բացենք»,- ասաց նա: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում