Ձորագետ գետի վրա 2 նոր ՓՀԷԿ է նախատեսվում կառուցել

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է Ձորագետ գետի վրա նախատեսվող երկու փոքր հէկ-երի կառուցման մասին: Հայտարարությունից տեղեկանում ենք. «Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի՝ Լոռու մարզի Ագարակ և Կուրթան համայնքների վարչական տարածքներում Ձորագետ գետի վրա՝ համապատասխանաբար «Լոռիբերդ-1» և «Լոռիբերդ-2» փհէկ-երի նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը»:

Ձորագետի երկարությունը 67 կմ է, սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի լանջերից։ Լեռնահարթավայրային տիպի գետ է։ Վերին հոսանքում՝ Լոռվա սարահարթում, ունի հարթավայրային բնույթ՝ դանդաղահոս է, ցածրադիր, երբեմն ճահճապատ ափերով և հաճախ առաջացնում է գալարներ։ Միջին հոսանքում՝ Ստեփանավան քաղաքից ներքև, գետը, ընդունելով Տաշիր խոշոր վտակը, մտնում է խոր, մինչև 100-120 մ խորությամբ կիրճերի մեջ։ Գետահովիտը նեղանում է՝ վերածվելով կիրճի, այնուհետև նեղ ու խորը կանիոնի։ Ձորագետի ջրահավաք ավազնի մակերեսը 1460 քկմ է: 

Հայտարարությամբ ասվում է նաև. «Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից-18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ): Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2020 թվականի փետրվարի 10-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ»:

Ըստ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի՝ «Լոռվա Ամրոց» ՍՊԸ հիմնադիրներն են Գաբրիելյան Մեխակ (մասնակցությունը դադարեցված է) և Հակոբյան Սմբատ (մասնակցությունը դադարեցված է) անունով քաղաքացիները, որոնք երկուսն էլ հանդիսացել են ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորներ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում