Նոր ՀԷԿ՝ Եղեգիս համայնքում. ովքե՞ր են սեփականատերերը

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է Վայոց ձորի մարզում նոր փոքր հէկ-ի կառուցման նախագծի մասին: Նախարարության հայտարարությունից տեղեկանում ենք. «Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Գնդասար Էներգո» ՍՊԸ-ի՝ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի վարչական տարածքում «Սպիտակի» կոչվող 4 աղբյուրներից «Հորս-1» փհէկ-ի կառուցման նպատակով նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը»:

Նշենք, որ Հորս բնակավայրը մարզկենտրոնից 24 կմ հյուսիս-արևմուտք, Սելիմագետի աջակողմյան Հորս վտակի ափին, Սելիմագետ և Եղեգիս գետերի գետախառնուրդից 6-7 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղից վերև Գնդասար լեռն է՝ 2960 մ բարձրությամբ։ Գնդասար և հարակից լեռների աղբյուրները ջրով ապահովում են գյուղը։ Բնակավայրը հարուստ է պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններով:

Եղեգիս համայնքում գործում են բազմաթիվ և բազմապիսի հէկ-եր, որոնց սեփականատերերը պատահական մարդիկ չեն: Համայնքի բնակիչները մշտապես բարձրաձայնել են հէկ-երի գործունեության բացասական ազդեցության մասին

Ըստ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի՝ «Գնդասար Էներգո» ՍՊԸ հիմնադիրներն են Դավիթ Մանուկի Պապիկյանը (մասնակցությունը դադարեցված է) և Արմեն Լենիկի Առաքելյանը: Վերջինս Վայոց ձորի Շատին բնակավայրի բնակիչ է, որը նաև «Գնդասար ջուր» ՍՊԸ հիմնադիր է, բացի այդ՝ 2017թ.-ին եղել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից ԱԺ պատգամավորի թեկնածու։ Արմեն Լենիկի Առաքելյանը նաև «ԵՂԵԳՀԷԿ» ՍՊԸ հիմնադիրներից է: 

Դավիթ Մանուկի Պապիկյանը հանդիսանում է Երևան քաղաքի բնակի ու ակտիվորեն ներգրավված է հէկ-երի բիզնեսում: 26-ամյա Դավիթ Պապիկյանի հոր՝ Մանուկ Պապիկյանի անունը կապվում է նաև Արցախում հէկ-երի կառուցմամբ զբաղվող «ԷՌԱ» ՍՊԸ հետ: Դավիթ Պապիկյանի եղբայր Ստեփան Պապիկյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է և անմիջական մասնակցություն է ունենում հէկ-երի նախագծման գործում: Նույն աղբյուրից տեղեկանում ենք նաև, որ «ԷՌԱ» ՍՊԸ մասնագետների կողմից Արցախում նախագծվել և կառուցվել են նաև «Հոչանց» ՀԷկ-ը և բազմաթիվ այլ ՀԷԿ-եր: 

ՇՄՆ տեղեկացնում է նաև, որ ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2020 թվականի հունվարի 29-ին, ժամը 16:00-ին /Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ/:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում