Մեր երկիրը գտնվում է աղբի տակ, պետք է պատերազմ հայտարարենք աղբին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2020 թ. բյուջեի շրջանակում նախատեսված ծրագրերի ու միջոցառումների շուրջ քննարկումները:

Կառավարության ղեկավարը նախ անդրադարձել է հանրապետությունում առկա աղբի խնդրին: «Հայաստանի Հանրապետությունը, ցավոք, ծածկված է աղբով, և մեր երկիրը գտնվում է աղբի տակ: Սա արձանագրում է, որն իր մեջ նորություն չի պարունակում, բայց Հայաստանի Հանրապետությունում իմ շրջագայություններն ինձ հանգեցնում են մի տխուր նախնական եզրակացության, որ մենք կարծես աղբի հարևանությամբ հանգիստ, խաղաղ և հաշտ ենք ապրում: Անկեղծ ասած, չեմ կարողանում պատկերացնել այն տեսարանը, երբ ՀՀ քաղաքացիներ կանգնած են ուղղակի, զրուցում են, երբեմն, նույնիսկ, խնջույք են կազմակերպում, երբ միջավայրն ամբողջությամբ պատված է աղբով: Աղբի նկատմամբ հանդուրժողականությունն է, որ Հայաստանում հանդուրժում է կոռուպցիան, չարաշահումները, բազմաթիվ ոլորտների աղբերը»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այստեղ կա մակրո, տեղային և անհատական խնդիր:

«Մակրո խնդիրն աղբի վերամշակման ռազմավարություն ունենալն է, և կոնկրետ քայլեր ձեռնարկելը, և մենք այդ քննարկումներն անում ենք: Կա տեղային խնդիր, և իմ տպավորությամբ, ՀՀ քաղաքացիները տեղական ինքնակառավարման մարմիններից բավարար հետևողականությամբ չեն պահանջում, որպեսզի աղբի կառավարման հետ կապված կոնկրետ խնդիրներ լուծվեն: Երևանում մենք վերջերս տեսանք աղբի ճգնաժամը, և տեսնում ենք նաև այդ ճգնաժամի հաղթահարումը: Բայց, երբ այսօր տեղեկություններ ենք ստանում, որ մի շարք համայնքների ղեկավարներ գյուղապետարաններում կեղծ հաստիքների վրա կեղծ մարդկանց են աշխատանքի ընդունել և միլիոնավոր գումարներ դուրս գրել, և մյուս կողմից այդ համայնքներն աղբի մեջ են, առաջին միտքը, որ գալիս է, հետևյալն է, որ, եթե քաղաքացիները համայնքային նշանակության խնդիրները ձևակերպեին, այդ գյուղապետները ժամանակ և կարողություն չէին ունենա այդ չարաշահումները թույլ տալու: Եվ կա անհատական մակարդակ՝ ես չեմ տեսնում, որ մեր երկրում աղբի նկատմամբ կռիվ կամ կոնֆլիկտ կա: Եթե մենք անհատական մակարդակում աղբը չհանդուրժենք, տեղային մակարդակում կամ մակրո մակարդակում ինչպես պետք է հանդուրժենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելել է նաև, որ աղբն այսօր առկա է նաև ջրային համակարգում և ջրանցքներում:

«Մինչև այսօր շատ սովորական խնդիր է, որ կարելի է ավտոմեքենայի պատուհանից բան շպրտել՝ տարբեր ծավալների: Երևանի փողոցներում համատարած ծխախոտի մնացորդներ են: Պարզ է, որ քաղաքապետարանի խնդիրն է մաքրել փողոցները, բայց քանի դեռ ՀՀ այն քաղաքացին չի ձևավորվել, որն ամեն մի աղբ գցողի իր պարտքն է համարում դիտողություն անելը՝ անկախ դրա հետևանքներից, այս խնդիրը կրկին մնալու է, եթե անգամ միլիարդներ ներդնենք: Մեր խնդիրն է կանխարգելելը, ոչ թե աղբ նետողին տուգանելը: Մեկը մյուսին չի խանգարում:

Մեր երկրում շատ երկար ժամանակ աղբի հետ ձևավորվել են ներդաշնակ հարաբերություններ: Աղբի հետ հարաբերություններում հաշտության մթնոլորտ է, այս իրավիճակը պետք է փոխվի: Հայաստանում մենք աղբին պետք է պատերազմ հայտարարենք: Ես չեմ ասում, որ այդ պատերազմում մենք բլից-կրիգով կարող ենք լուծել: Առնվազն անհատական մակարդակում աղբի նկատմամբ անհանդուրժողականության գիծ պետք է որդեգրենք»,- ասել է կառավարության ղեկավարը և տվել կոնկրետ հանձնարարականներ:

Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել հանրապետությունն աղբից մաքրելու ուղղությամբ իրականացվելիք քայլերին, այդ թվում՝ աղբի տեսակավորման, աղբավայրերի կառավարման, աղբի վերամշակման հնարավորություններին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում