Ահազանգ. Վանաձորում կենդանիների դաժան սպանդ է տեղի ունեցել (ֆոտո, տեսանյութ)

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր: 

ՀՀ տարածքում շարունակվում է կիրառվել թափառող կենդանիների սպանդի ամոթալի, դաժան և ապօրինի պրակտիկան: Դեկտեմբերի 16-ին կենդանիների սպանդիմասին ահազանգ է հնչել Լոռի մարզի Վանաձոր քաղաքից: 

Կենդանասերներից մեկը սպանված շների լուսանկարներ է բեռնել համացանց և հայտնել, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան, իսկ սպանված կենդանիների դիակները մինչ այժմ փողոցում են: Քաղաքացին դիմում է քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին՝ պարզելու համար, թե որքան պետք է սա շարունակվի: 

Մեկ այլ Նվարդ անունով օգտատեր ևս լուսանկար է բեռնել՝ գրելով. «Վանաձորի քաղաքապետարան, եթե դու ես զբաղվում շների սպանդով ու էնքան բարոյապես ոչնչություն ես, որ քաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկի աղբարկղի մոտ թողնել ջհանդամվելով ինչ-որ հարց ես ուզում լուծել, ուրեմն ողբամ ձեր նման անորակ ու անմարդկային աշխատակիցներին»: 

 

Հիշեցնենք, որ նման դեպք արձանագրվել է նաև հոկտեմբեր ամսին, որի մասին ահազանգել է Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Անահիտ Կարապետյան՝ դիմելով ՀՀ ոստիկանություն

Ընդգծենք նաև, որ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը փաստացի «ստախոս է», քանի որ դեռ մարտ ամսին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում վերջինս նշեց՝ Վանաձորում չեն կրակելու: Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ի վիճակի չէ հետևելու քաղաքում տեղի ունեցող ապօրինի կրակոցների խնդրին, կամ ավելին՝ նպաստում է դրանց իրականացմանը՝ «պատվիրելով» կենդանիների սպանդ, իսկ ՀՀ ոստիկանությունն առհասարակ անկարող է նման դեպքերում, ինչն ապացուցվել է բազմաթիվ անգամներ։  

 

ՀՀ քրեական օրենսգրքում վերջերս տեղի ունեցած փոփոխություններից հետո, «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը ենթակա է քրեական պատասխանատվության: ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 258.2 /Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը/ հստակ սահմանում է. «1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) առանձին դաժանությամբ,

3) մանկահասակի ներկայությամբ,

4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով»: 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում