Մանե Թանդիլյանը պահանջել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հրաժարականը

Օրերս ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ Կառավարությանն ուղղված հարցապնդման հետ, եզրափակիչ ելույթ է ունեցել Մանե Թանդիլյանը: Քննադատելով Կառավարության պատասխանն ու նախարար Էրիկ Գրիգորյանի բացակայությունը հարցապնդման քննարկման ընթացքում, Մանե Թանդիլյանը խորհրդարանին առաջարկել է ՀՀ վարչապետի քննարկմանը ներկայացնել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցի վերաբերյալ ՀՀ ԱԺ որոշման նախագիծ:

Առաջարկի քվեարկությունից առաջ հայտարարությամբ հանդես են եկել ՀՀ ԱԺ խմբակցությունները:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ որեւէ հիմք չկա՝ պահանջելու Էրիկ Գրիգորյանի հրաժարականը, ուստի խմբակցությունը դեմ է քվեարկելու, իսկ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ տեղեկացրել է, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ստեղծված է քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրելու է քննարկման առարկա ոլորտը:

Քվեարկության արդյունքում ՀՀ ԱԺ որոշման նախագիծը չի հավաքել անհրաժեշտ թվով ձայներ: Կողմ էր քվեարկել 17 պատգամավոր, դեմ՝ 67-ը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը պնդում է, որ օրենքը սահմանում է` բնապահպանական ծախսերը չպետք է պակաս լինեն նախորդ տարվա ծախսերից։ Հետևաբար՝ 2020թ.-ին պետք է ներգրավված լինեին 54 մլրդ դրամի բնապահպանական ծախսեր՝ 2019թ․ 40 մլրդ-ի համեմատ, այնինչ ներառված են ընդամենը 16 մլրդ-ի կարգի ծրագրեր։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում