Հայաստանում վերականգնվող էներգիայի հիմքի վրա կկառուցվի ատոմակայանի հզորությամբ երկրորդ էներգակայանը

Հայաստանում 400 մեգավատ ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր են մշակվելու և ավելի քան 300 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ են իրականացվելու: Առաջին նախագիծը 200 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցումն է Հայաստանի արևմուտքում։

Վերականգնվող էներգետիկայի ոլորտում այս ներդրումները նախատեսված են Արաբական Միացյալ Էմիրություններում գործող «Մասդար» ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) միջև համատեղ զարգացման մասին համաձայնագրով:

Աբու Դաբիի Նյու Յորք համալսարանում ս.թ. նոյեմբերի 30-ին տեղի ունեցած համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Մենք օգտագործել ենք այն հնարավորությունը, որ բացել էր նախագահ Արմեն Սարգսյանը հունվարին ԱՄԷ իր այցելության ընթացքում։ Արդյունքում՝ Հայաստան է գալիս մի շատ որակյալ և մրցունակ գործընկեր՝ հիանալի առաջարկով։ Նախատեսում ենք Հայաստանում գործող ատոմակայանի հզորությամբ երկրորդ էներգակայան ունենալ, որը լինելու է վերականգնվող էներգիայի հիմքի վրա», - ասել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է. «Սա մեծ ճանապարհորդության միայն սկիզբն է։ Մենք միասին կարող ենք շատ ավելին անել։ Պետք է ավելի ջանասիրաբար աշխատենք, և կունենանք լավ արդյունք, որը շահեկան կլինի թե՛ ձեզ, թե՛ Հայաստանի համար:
Հայաստանն ունի գեղեցիկ բնություն, և մենք պետք է շատ զգույշ լինենք մեր բնության հանդեպ։

Էներգաարդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը ոլորտներ են, որոնց նկատմամբ մենք պետք է շատ զգույշ լինենք։ Կարծում եմ՝ այս համագործակցությունը հաջողությամբ կպսակվի ոչ միայն այն առումով, որ Հայաստանը շատ ավելի կանաչ կդարձնի, այլև՝ օգտակար կլինի Հայաստանի էներգետիկայի համակարգը հավասարակշռելու առումով»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում