Ահազանգ. Շանը քարշ է տալիս փողոցով և նետում բեռնախցիկը (տեսանյութ)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ՀՀ-ում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին վկայող ահազանգեր ստանալ: Այս անգամ Երևան քաղաքի բնակչից ստացել ենք ահազանգ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ աշխատակիցների կողմից թափառող կենդանուն բռնելու ձևի մասին, որը ոչ պրոֆեսիոնալ է և սպառնում է կենդանու ֆիզիկական ու հոգեկան առողջությանը: Ահազանգող բնակիչը տեսանկարահանել է գործընթացը: 

Տեսանյութում երևում է, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ մի քանի աշխատակից փորձում են բռնել միջին չափեր ունեցող շան: Աշխատակիցը կենդանուն «ֆիքսել է» հատուկ սարքի միջոցով, սակայն ակնհայտորեն ոչ ճշգրիտ եղանակով. սարքը նախատեսված է կենդանու վզի վրա հագցնելու միջոցով ֆիքսելու համար, սակայն տեսանյութում երևում է, որ շունը «բռնված է» ողնաշարից: Բացի այն, որ սխալ է ֆիսքման եղանակը, ավելին՝ աշխատակիցը շանը քարշ է տալիս փողոցով՝ նետելով մեքենայի բեռնախցիկը: Փաստացի, կենդանուն անվնաս եղանակով ֆիքսելու և մոտակայքում գտնվող վանդակում տեղավորելու փոխարեն, աշխատակիցը կենդանուն «բռնում է» ողնաշարից, քարշ տալիս փողոցով և նետում մեքենայի բեռնախցիկը:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ուսումնասիրել է երևույթի ֆիզիկական և հոգեբանական հետևանքները: 

«Շատ վատ բան են անում։ Նախ, սարքը միայն վզի համար է նախատեսված, շանն այդպես քարշ տալով հնարավոր է անգամ կողոսկրը ջարդել։ Այն, ինչ մենք տեսնում ենք այս տեսանյութի մեջ աննորմալ է և դա ահավոր է ազդում շան հոգեբանության վրա՝ մարդ-շուն կապի վրա։ Այդ կապը կարելի է կտրել մեկնդմիշտ, իսկ այդ կենտրոնը չունի այդքան ռեսուրս, ժամանակ, մասնագետ, որ այդ շանը սկսի հետ համոզել, թե այդպիսի բան այլևս չի կրկնվի՝ շունը կարճ է մտածում ու շատ պրիմիտիվ, մեկ անգամը բավական է. կենդանին կարող է խաչ քաշել այդ հարաբերությունների վրա և դառնալ խնդիր»,- մեզ հետ զրույցում ասաց շների հոգեբան, վարժեցնող Ռոլանդ Պողոսյանը։

Շանը նման եղանակով բռնելն ու քարշ տալն անթույլատրելի է նաև կենդանաբույժ Գրիգոր Գրիգորյանի կարծիքով։ «Այսպես բռնելու և քարշ տալու դեպքում շունը կարող է ցանկացած տեսակի տրավմատիկ վնասվածք ստանալ, ինչն անընդունելի է միջազգային պրակտիկայում /WSAVA - World Small Animal Veterinary Association; The World Society for the Protection of Animals - WSPA standards/։ Եթե շանն անհնար է այլ եղանակով բռնել, պետք է օգտագործել հատուկ ցանցեր, որոնցով բռնելուց հետո միայն՝ ֆիքսել։ Սա ոչ մարդկային վերաբերմունք է կենդանու նկատմամբ և չի արդարացվում նրանով, որ Երևանում կա թափառող կենդանիների քանակային խնդիր»,- մեզ հետ զրույցում ասաց Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) անասնաբուժական ծառայությունների որակի գծով փորձագետ, Համաշխարհային կենդանաբուժական ասոցիացիայի (WVA) զոոնոզ հիվանդությունների հսկողության և կանխարգելման փորձագետ Գրիգոր Գրիգորյանը՝ ներկայացնելով նաև տեսանյութ, որտեղ վերջինս շանը բռնում է ցանցի միջոցով։ 

Գրիգոր Գրիգորյան, 2017թ.

Վարժեցնող Ռոլանդ Պողոսյանն ընդգծում է, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ աշխատակիցները, կոպիտ ասած, ժամանակ չեն ուզում ծախսել, հասկանալ՝ ինչ անեն, որպեսզի կենդանին հանգստանա, հասկանա, որ դրանից վտանգ չկա ու կամաց-կամաց շունն ինքը մոտ գա։ «Բայց նրանք չունեն այդ ժամանակը, ես դրա վրա կարող եմ ծախսել 3, 5 կամ 7 րոպե, իսկ նրանք՝ ոչ, վայրկյանական քաշում ու շպրտում են մեքենայի մեջ, որովհետև ոչ բանիմաց են, չունեն տարրական գիտելիքներ կենդանու բնույթի մասին, դրա համար այդպես են անում։ Եթե ունենան՝ կկիրառեն, բայց չունեն, ցավոք սրտի, չունեն։ Ես վատ մտքով չեմ ասում, մարդը կարող է լինել լավ մարդ, բայց շատ վատ վարորդ և դրա համար իրեն կախաղան չի հասնում, նույնն էլ այստեղ է։ Նրանք առաջին հերթին չունեն տարրական գիտելիքներ այդ գործով զբաղվելու համար, երկրորդն էլ՝ ժամանակ, նրանք քանակի վրա են աշխատում, իսկ իմ նշածը ժամանակատար է։

Վերջերս նաև տեսանյութ էր հրապարակվել՝ 3-4 շուն մեկ վանդակի մեջ և այլն... այդ ամբողջը բացասական ազդեցություն է ունենում, այդ եղանակով, այդ վիճակում առողջ հոգեվիճակ կենդանու մոտ չի պահպանվի: Կենդանին պետք է շատ պինդ լինի, որ այդ կտտանքներին դիմանա, դա իր համար կտտանք է, այդ մենք ենք, որ ասում ենք՝ «դե լավ շուն է, ինչ պետք է լինի որ», բայց նրանք այդ իրավիճակում օրեր են անցկացնում։ Այս ամենը շատ լուրջ կարող է դաջվել շան ներաշխարհի վրա»։

Ռոլանդ Պողոսյանը նշում է նաև, որ մի փոքր ավելի ժամանակ ծախսելու դեպքում, օրինակ՝ 30 շան փոխարեն կբռնեն 15 շուն, ինչը նրանց «ձեռք չի տալիս», բայց կարճ ժամանակ հետո մարդը կարող է հմտանալ այդ գործում և ավելի արագ այն կատարել։

Ռոլանդ Պողոսյան, շների հոգեբան/վարժեցնող 

«Այս գործողության կողմնակի ազդեցությունը կարող է հետագայում կենդանու մոտ ագրեսիվ վարքը լինել, ու սա լինելու է ու խորանալու է. որքան այսպես վարվեն կենդանիների հետ, այդքան ավելի շատ խնդիրներ են լինելու, շները՝ բնակիչների հետ, երևանցիներն էլ՝ քաղաքային իշխանությունների հետ։ Վստահությունը մարդ արարածը կորցնում է շան մոտ, իսկ թե որ մեկը՝ էական չէ, իրենք բոլոր «երկու ոտք ունեցողների» նկատմամբ սկսում են վատ տրամադրվել, որովհետև իրենք այդ առումով պարզ մտածող կենդանիներ են, տրամաբանորեն չեն մտածում։ Այդ մեկ միջադեպը կարող է ամբողջը փչացնել»,- եզրափակեց նա։

Ուշագրավ է, որ ՀՀ Քրեական օրենսգրքում /Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը/ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից մշակված փոփոխություններով նշված դեպքը նախատեսվել է առանձին հիշատակմամբ. «Տնային և անտուն, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների կամ գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, հրազենով կրակելու միջոցով, կենդանու կյանքի ընդհատումը թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը կամ դիազերծումը, ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտերի կազմակերպումը և իրականացումը, անտուն կենդանիների այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումների իրականացումը և այլ դաժան վերաբերմունքը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»: 

Սակայն, ԱԺ կողմից քվեարկելուց և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ստորագրելուց հետո նախագիծը վերջնական տարբերակը հրապարակվել է արդեն փոփոխությամբ՝ առանց վերոնշյալ կետի. «1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»: 

Փաստացի, ԱԺ կողմից 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված օրենքի նախագիծը պաշտոնական հրապարակումից առաջ ևս մեկ «փոփոխության» է ենթարկվել, ինչի արդյունքում «անտուն կենդանիների այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը» հատվածը դուրս է մնացել օրենսգրքի հոդված 258.2-ից: Տեղի ունեցածն անհասկանալի է և պարզաբանման կարիք ունի: 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում