«Նախագծի ընդունումը համարում եմ այս խորհրդարանի ամենակարևոր քայլերից մեկը»․ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացվեց

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած Քրեական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը, որով պատգամավորներն առաջարկում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնել: Նախագիծն ընդունվեց 99 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Նախագծի հեղինակներից Նաիրա Զոհրաբյանն այս առիթով գրել է․ «Ես այս նախագծի ընդունումը համարում եմ այս խորհրդարանի ամենակարևոր քայլերից մեկը։ Շնորհակալ եմ բոլոր կենդանասերներին և կենդանիների պաշտպանության կազմակերպություններին՝ ամենօրյա աջակցության համար։ Բրավո մեր հասարակությանը՝ այս նախագծի հանրային աննախադեպ աջակցության համար։

Չեմ հասկանում և չեմ ուզում հասկանալ դեմ քվեարկած 4 պատգամավորներին և դահլիճում նստած, բայց որպես դեմարշ՝ չքվեարկած տիկնոջը։ Անհասկանալի բարդույթներ ունենալը թուլության նշան է։

Այս նախագիծը ինձ համար առաջին հերթին նախագիծ է մարդու՝ մարդ լինելու մասին»։

Նշենք, որ նախագծին դեմ են քվեարկել«Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորներ Երջանիկ Մանվելի Հակոբյանը, Մաթևոս Գոռի Ասատրյանը, Վահե Սահակի Հովհաննիսյանը, Վահե Վոլոդյայի Ղալումյանը։ 

Նախագծով կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք է կենդանու կյանքի ընդհատումը՝ խեղելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, ուժեղ հրազենի, թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը, ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը: Նախագծով պատիժ է սահմանվում նաև կենդանիների մարտերի կազմակերպման ու իրականացման, անտուն կենդանիների այնպիսի հավաքի համար, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումների իրականացումը և այլ դաժան վերաբերմունքը: 

 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում