ՀՀ անկարող ոստիկանության և Վանաձորի «ստախոս» քաղաքապետի մասին․ կենդանիների սպանդը շարունակվում է (ֆոտո)

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:

ՀՀ-ում շարունակում են ապօրինաբար և դաժանությամբ սպանդի ենթարկել թափառող կենդանիներին։ ՀՀ քաղաքացիները շարունակում են ահազանգել տեղի ունեցող դաժան վերաբերմունքի և ապօրինության մասին, սակայն խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում։

Այս անգամ ահազանգում են Վանաձոր քաղաքի կենդանասերները։ Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Անահիտ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել և լուսանկարներ է հրապարակել․ «Վանաձոր... Մեր օրեր... Ահա հաղորդումս հանցագործության մասին...

Նկարի ձագուկը պայքարում է ապրելու համար, մինչդեռ իր բոլոր բարեկամներին և ոչ միայն բարեկամներին այսօր կրակել են...

Հ.Գ. ՀՀ կառավարույթունը պարտավոր է օգնել համայնքներին լուծելու այս խնդիրը.... Ազգային ժողովը պարտավոր է տեր կանգնել իր գրած օրենքին, ՀՀ ոստիկանությունն էլ` աշխատել օրենքի սահմանում»։ 

Ընդգծենք, որ բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում հրազենի կիրառումն ապօրինի է և պատժվում է օրենքով։ 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 173-րդ հոդվածի հատկանիշներով սահմանվում է․

Հոդված 173. Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով

Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում, ինչպես նաև դրա համար հատկացված տեղերում սահմանված կարգի խախտումով`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` հրազենի և ռազմամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ուշագրավ է, որ Անահիտ Կարապետյանը դեպքի վայրից հայտնաբերել է նաև պարկուճներ, որոնք հավաբանար որսորդական հրազենի են, ինչը ենթադրում է, որ կրկին անգամ սպանդն իրականացվել է որևէ որսորդի կողմից։ 

Բացի այդ, գործում է նաև կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը սահմանող հոդվածը։

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:

92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»: 

Հիշեցնենք, որ Վանաձոր քաղաքում տեղի ունեցած կենդանիների սպանդի մասին բարձրաձայնել ենք 2019թ․-ի մարտ ամսին, երբ ՀՀ ոստիկանությունը «Դինգո թիմ» ՀԿ-ի հետ զրույցում բացահայտ հայտարարել է՝ «դա արվում է որսորդների, հրազենի միջոցով և իրենք տեղեկանում են հատուկ գրությամբ»։ 

Հերթական անգամ կարող ենք փաստել, որ իրականացվող ապօրինի գործողությանն ակտիվ մասնակցություն են ունենում որսորդական միությունների անդամները և ոստիկանության ծառայողները:  

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը մարտ ամսին զրուցել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ պարզելու համար, թե տեղյակ է արդյո՞ք քաղաքում տեղի ունեցող ապօրինությունների մասին: «Շահող կազմակերպությունն է անում, թաղամասեր են այցելում, որտեղից բողոք է լինում թափառող շների հետ կապված, գնում են առայժմ որսում են: Հիմա բանակցությունների մեջ ենք, տեսնենք՝ ո՞նց ենք ստերջացնելու: Չէ, չէ, չէ... վնասազերծելը կրակելը չէ: Բնակիչների մոտ եղել էին կատաղած շներ անցյալ տարվա վերջին, գնացել էին կրակել էին, բնակիչներն անհանգստացել էին կրակոցներից, բայց այս տարի չենք կրակում... խոսում ենք Երևանի հետ, որ հասկանանք, ոնց կարող ենք ստերջացնել: Մրցույթը շահած կազմակերպությունը, որսում է, տանում այլ վայրեր, որպեսզի դպրոցի, հիվանդանոցի ճանապարհին շների կուտակումներ չլինեն»,- ասել էր քաղաքապետը՝ խոստանալով հրաժարվել այդ պրակտիկայից։  

Փաստացի, քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ի վիճակի չէ հետևելու քաղաքում տեղի ունեցող ապօրինի կրակոցների խնդրին, կամ ավելին՝ նպաստում է դրանց իրականացմանը՝ «պատվիրելով» կենդանիների սպանդ, իսկ ՀՀ ոստիկանությունն առհասարակ անկարող է նման դեպքերում, ինչն ապացուցվել է բազմաթիվ անգամներ։ 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, մյուս իրավապահ մարմինների, ինչպես նաև՝ Վանաձորի քաղաքապետարանի ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում