«Ներկայիս իշխանությունն ինքն իր գլխին սարքում է»․ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» հայցը

Հոկտեմբերի 17-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» հայցը և անվավեր է ճանաչել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ «Որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» 2018թ. օգոստոսի 27-ի թիվ 30-Ա որոշումը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը 2018թ. օգոստոսի 27-ին պարտավորեցրել էր «Լիդիանին» ձեռնպահ մնալ ընդերքօգտագործմանն առնչվող որևէ գործողություններից մինչև ՀՀ Բնապահպանության նախարարությունը կուսումնասիրեր «նոր էկոլոգիական հանգամանքները», որոնք Արթուր Գրիգորյանի պնդմամբ առաջին անգամ հայտնաբերվել էին Ամուլսարի ծրագրի տարածքում:

ՀՀ վարչական դատարանը եզրահանգել է, որ ենթադրյալ էկոլոգիական հանգամանքներն անկախ փորձաքննությունից հետո չեն հիմնավորվել: Դատարանը նաև արձանագրել է, որ Արթուր Գրիգորյանը մինչև տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը ստանձնելն ակտիվորեն հանդես է եկել Ամուլսարի ծրագրի դեմ, ինչը հիմնավոր կասկած կարող է հարուցել նրա անաչառության առնչությամբ: Դատարանը գտնում է, որ այս պարագայում Արթուր Գրիգորյանը պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, ինչը չի արել: Դատարանը անվավեր է ճանաչել 30-Ա որոշումը»:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը, որը նշված ժամանակաշրջանում զբաղեցնում էր վերոնշյալ պաշտոնը, արձագանքել է հայտարարությանը՝ գրելով․ «Երեք օր առաջ վարչական դատարանը վճիռ է կայացրել անվավեր ճանաչել բնապահպանական տեսչության որոշումը, որով Ամուլսարը շահագործող ընկերությանը պարտավորեցվել էր ձեռնպահ մնալ այդ հանքավայրը շահագործելուն ուղղված բոլոր գործողություններից: Վճիռը հիմնված է երկու հանգամանքի վրա՝ հայտնաբերված կարմիրգրքային կենսաբազմազանության միավորների առկայությունը հիմնավորված չէ և տեսչության ղեկավարը (այսինքն ես) շահագրգիռ կողմ էր և չպետք է այդ հարցով որոշում ընդուներ:

Դատարանի այս հետևությունները հիմնված են բացառապես հայցվոր կողմի՝ ընկերության ներկայացրած ապացույցնրի վրա, քանի որ հակառակը չի ներկայացվել: Այդ ապացույցների մեծ մասը ընկերության համար ստեղծել է բնապահպանության նախարարությունը՝ անօրինական գործողությունների միջոցով, որոնք դատաքննության ընթացքում պետք է հանվեին ապացուցողական բազայից՝ անօրինական ճանապարհով ձեռք բերված լինելու պատճառով: Իսկ ո՞վ պետք է դա աներ՝ պատասխանող կողմը՝ տեսչությունը: Գիտե՞ք այս գործով անցկացված չորս դատական նիստերից տեսչության ներկայացուցիչը քանի նիստի է մասնակցել: Ոչ մի: Ավելին, երբ դեռ տեսչության ղեկավարն էի, դատարանին միջնորդել էինք երկարացնել հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը՝ դատաքննությանը հիմնավոր պատրաստվելու և լրացուցիչ ապացույցների բազա ձևավորելու համար, և դատարանը բավարարել էր միջնորդությունը: Իսկ հիմա կարդում եմ՝ վճռի տեքստում ուղղակիորեն գրված է, որ անգամ հայցադիմումի պատասխանը չի ներկայացվել: Նույն ընկերության կողմից տեսչության դեմ ներկայացված են նաև այլ հայցադիմումներ: Վստահ եմ, որ դրանց ևս տեսչությունը չի մասնակցում:

Դատարանի հետևությունը, որ տեսչության պետն ուներ շահագրգռվածություն, քանի որ նախկինում դեմ է արտահայտվել հանքավայրի շահագործմանը, առհասախրակ դելեգիտիմացնում է գործող իշխանությանը իր գրեթե բոլոր նախաձեռնություններում: Ստացվում է՝ Երևանի ավագանու անդամները չեն կարող որոշումներ ընդունել քաղաքի ապօրինի կառույցներն ապամոնտաժելու հարցում, գործադիրը չի կարող նախաձեռնել գործըթացներ անցումային արդարադատության և նախկինում թալանվածը վերադարձնելու հարցում և այդպես շարունակ, քանի որ այդ մարմիններում ներգրավված մարդիկ նախկինում այդ հարցերի վերաբերյալ ունեցել են դիրքորոշումներ: Եվ առհասարակ, սա նշանակում է, որ ինձ բնապահպանական տեսչության ղեկավար նշանակելն ընդհանրապես անօրինական գործողություն էր, քանի որ բոլոր բնապահպանական հարցերում ես ունեցել եմ հստակ արտահայտված դիրքորոշում:

Սա անհեթեթություն է: Եթե կուզեք, պետականության դեմ շատ հեռուն գնացող, խորքային սաբոտաժը հենց սա է, որ ներկայիս իշխանությունն ինքն իր գլխին սարքում է»:

Հիշեցնենք, որ 2018թ․-ի օգոստոս ամսին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հանքավայրի տարածքում իրականացված ստուգման արդյունքում Բնապահպանության նախարարին առաջարկել էր նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը:  

Խոսքը գնում է հանքավայրի տարածքում հայտնաբերված կարմիրգրքյան Ապոլոն թիթեռի և կարմիրգրքյան Ոզնաթուփ Մեխակի բուսատեսակի մասին: Ավելի վաղ, լրագրողների հետ զրույցում Էրիկ Գրիգորյանը հերքել էր նշված տեղեկությունը: Վայրի բնության հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը, ով նույնպես մասնակցել է հանքավայրի տարածքում իրականացրած ստուգման գործընթացին և ըստ էության կենդանին և թիթեռը հայտնաբերվել են հիմնադրամի մասնագետների կողմից, մեզ հետ զրույցում նշել է, որ ուսումնասիրությունները չեն արվել լիարժեք, տրամադրվել է շատ կարճ ժամանակահատված և մի շարք այլ խնդիրներ, որոնց պատճառով անհրաժեշտ է իրականացնել նոր ուսումնասիրություն դրա համար նպաստավոր եղանակային պայմաններում: 

Այնուհետև՝ նոյեմբեր ամսին ՀՀ բնապահպանության նախարարը հայտնել է, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2018 թվականի օգոստոսի 27-ի N16/29/231 գրությամբ ներկայացված փաստերը՝ «Ապոլոն» (Parnassius apollo) և «Ոզնաթուփ մեխակի» (Acantholimon caryophylaeceum Bois) տեսակների մասով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի իմաստով փորձաքննական եզրակացություն տալուց հետո ի հայտ եկած էկոլոգիական նոր գործոններ չեն հանդիսանում»: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում