«Սա արդեն ոչ թե դիլետանտություն է, այլ՝ խայտառակ սուտ»․ մասնագետները՝ 10 մլն ծառ տնկելու գաղափարի մասին

«Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» համաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազդարարեց նոր ծրագրի մեկնարկը, որի շրջանակներում մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանում նախատեսվում է տնկել 10 միլիոն ծառ (10-րդ ամսի 10-րդ օրը), ինչը կխորհրդանշի 10 միլիոն հայության միասնությունը։ Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարությունից։

Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է․ «Հայտարարությունը հետևյալն է՝ մեր կառավարությունը շատ ամբիցիոզ մի ծրագիր է մշակել, որը պիտի իր գագաթնակետին հասնի 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: Այդ օրը մենք պլանավորում ենք Հայաստանի Հանրապետությունում տնկել 10 մլն ծառ 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում»։

Իր ելույթի ընթացքում նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց․ «Սա ոչ միայն նոր գաղափար է հայության միավորման համար, այլ նաև մեր քայլն է համաշխարհային բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ և այս քայլով մենք ուզում ենք կոչ անել համաշխարհային հանրությանը վերցնել և շարունակել այս մարտահրավերը և պայքարել կլիմայական փոփոխության և գլոբալ բնապահպանական խնդիրների շուրջ»։

Հայտարարությանն արձագանքել են բնապահպանության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ, անտառագետ Այսեր Ղազարյանը, որը մասնավորապես գրել է․ «Սա արդեն ոչ թե դիլետանտություն է, այլ խայտառակ սուտ, և այն մարդիկ, որոնք «նեխած ձմերուկներ» են տեղավորում վարչապետի թևերի տակ, ուղղակի չասեմ ինչ են...

Ընդունենք, որ այդ ծառերը իրենք իրենց են տնկվելու, իրենք իրենց են խնամվելու և բացառում ենք բոլոր առկա ռիսկերը /հրդեհ, արածեցում և այլն/, բայց ՀՀ-ի տնկարաններում այսօրվա դրությամբ նույնիսկ մեկ միլիոն հատ տնկի չունենք»։ 

WWF հայաստանյան ներկայացուցչության բնապահպանական ծրագրի ղեկավար Արսեն Գասպարյանը ևս նշել է․ «Իհարկե, ծիծաղ առաջացրեց մեկ օրում 10 մլն ծառ տնկելու գաղափարը։ Կարծես մեկ օրվա աբսուրդ գաղափարը էլ չկա և խոսքը գնում է որոշակի ժամկետի մասին։

Նախ տնկի եք տնկում, այլ ոչ թե ծառ։ Ծառ դեռ այդ տնկին պետք է դառնա։ Միգուցե այդ տարածքում ձևավորվի էկոհամակարգ կամ տնկարքն ինտերգրվի առկա անտառային էկոհամակարգի մեջ։ Տնկելը լավ բան է, բայց դա պահանջում է լուրջ մասնագիտական մոտեցում, երկարատև խնամք և ջանք, որն ավելին է քան ուղղակի տնկելը։ Ավելի լավ է 10 000 հատ տնկի տնկենք, ջրենք, խնամենք, տարածքը ցանկապատենք և 4-5 տարի հետո ունենանք արդյունք, քան թե 10 մլն։ Հասկանում եմ, որ ծառ տնկելը գրավիչ է, բայց մեզ պետք է պահպանել մեր բնական անտառները և ապահովել նրանց բնակաան վերականգման գործընթացը։ Մեր մարտահրավերը անտառային հրդեհն է, ապօրինի հատումն ու այլընտրանքային վառելիքի արտադրության զարգացումը»։

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում